Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և «դաշնակցային» հարաբերությունները Ռուսաստանի հետ, գնալով ավելի «յուրահատուկ» են դառնում: Թողնենք մի կողմ այն, որ անդամակցության առաջին օրվանից մինչ օրս որևէ տեսանելի օգուտ չունեցանք, ո՛չ տնտեսական առումով, ո՛չ էլ անվտանգության, որովհետև ի հայտ է գալիս ավելի ուշագրավ մի հանգամանք' հնարավոր է այնպես լինի, որ ապագայում մենք ստիպված լինենք նույն միության մեջ լինել մեր թշնամու հետ: Բանն այն է, որ հատկապես վերջերս մի շարք ռուս պաշտոնյաների կողմից ավելի հաճախ է խոսվում Ադրբեջանի' ԵՏՄ-ին միանալու կարևորության մասին: Իսկ Մոսկվայում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ ԵՏՀ Կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի և մակրոտնտեսական քաղաքականության հարցերով նախարար Տատյանա Վալովայան էլ նույն առիթով ասել է, թե նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսով, և ԵՏՄ անդամ երկրները կարող են առաջարկել' մեկ այլ երկրի ընդգրկել միության կազմում, սակայն ոչ մեկ մյուսին չի ճնշի:

 

 

Նախ, չճնշելու պահով արդեն իսկ Վալովայայի խոսքերը վստահություն չեն ներշնչում, քանի որ ԵՏՄ-ի կարճ գոյության ընթացքում արդեն իսկ տեսանք, որ միության ներսում կան թե ճնշողները, թե ճնշում գործադրելու միջոցով լուծվող հարցեր: Ռուսաստանը որպես ԵՏՄ-ի ստեղծող, ինքնին ավելի փոքր երկրների հանդեպ ճնշում գործադրելու վարպետ է, հանուն իր շահերի, և ոչ միայն Ռուսաստանը. մենք տեսանք նաև, թե ինչպես վերջերս Ղազախստանը փաստացի ճնշում գործադրելով այնպես արեց, որ ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումը տեղի չունեցավ Երևանում: Այնպես որ ճնշողներ և ճնշվողներ միշտ էլ լինում են, կարևորը' կարողանանք չլինել ճնշվողի դերում:

 

 

Չէի ասի, թե Հայաստանի մոտ վերջին տարբերակը առայժմ լավ է ստացվում, ուստի ապագայում ԵՏՄ-ից նոր ու հետաքրքիր «անակնկալներն» էլ զարմանալի չեմ համարի, վերջապես ի՞նչ խնդիր է նման պետությունների համար այդ «կոնսենսուս» ասվածը կազմակերպելը, եթե իհարկե դա իրենց շահերից բխի:

 

 

Կարեն Վարդանյան