Պենտագոնի ղեկավարի տեղակալ Բոբ Ուորքը հայտարարել է, որ ԱՄՆ նավերի և ինքնաթիռների մոտ ռուսական ավիացիայի «վտանգավոր մանևրերը» կարող են հանգեցնել «պատահական առճակատման»: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

 

«Մենք գիտենք, որ կարող է տեղի ունենալ մեկ ոչ մեծ դեպք, որի պատճառը երկու կողմերը միմյանց մեջ կտեսնեն, և այն կարող է հանգեցնել պատահական առճակատման, որը ոչ ոք չի ցանկանում»,- ասել է Ուորքը Վաշինգտոնում ամերիկա-նորվեգական պաշտպանական համաժողովում:

 

Նա հավելել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն արձանագրել է «ռուսական ինքնաթիռների և նավերի ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ մանևրեր»:

 

Վերջին ամիսներին արձանագրվել է երկու երկրների ռազմական ինքնաթիռների մոտեցման մի քանի դեպք, այդ թվում՝ Բալթիկ ծովում, որոնցից մի քանիսը Պենտագոնն անվանել է «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ»: