ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, որին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում տեսակապի միջոցով մասնակցել է նաև ԼՂՀ ՊԲ ղեկավար կազմը:

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց զինծառայողների բարոյակամային հատկանիշների ամրապնդմանն ուղղված հետևողական աշխատանքի արդյունքները, և հենց այդ հատկանիշների համակցման արդյունքում է, որ հայ զինվորն արժանի հակահարված հասցրեց հակառակորդին:

 

 

Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, ով, անդրադառնալով զինված ուժերի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը միտված միջոցառումներին, արձանագրված որոշակի բացթողումների շտկման ուղղությամբ իրականացված կոնկրետ քայլերին, բարձր է գնահատել նաև գաղափարադաստիարակչական, իրավական պատրաստության, զինծառայողների իրավակարգի ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների արդյունավետությունը:

 

 

Զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Անդրադառնալով հայրենասիրական միջոցառումներին և տեղեկատվական գործողություններին, Վարդան Ավետիսյանը խոսել է նաև քառօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում պետական, մասնավոր և բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների մասին, հանդես է եկել կամավորականների և ազատամարտիկների միավորումների հետ համագործակցության առավել սերտացման առաջարկով:

 

 

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն իր հերթին խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է զորքերի մարտական պատրաստության վիճակի մասին' ընդգծելով, որ պատշաճ կարգով անցկացվել են մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:

 

 

Քննարկվող թեմաների և զեկույցների շուրջ իրենց տեսակետները, առաջարկություններն ու գնահատականներն են ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով քառօրյա պատերազմի ընթացքում արձանագրված հաջողությունները' մատնանշվել են շտկման կարիք ունեցող խնդիրները և դրանց լուծման ուղիները:

 

 

Ամփոփելով խորհրդակցությունը' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հորդորել է այսուհետ ևս ճշգրիտ, սպառիչ և օպերատիվ կերպով հասարակությանը հասանելի դարձնել զինված ուժերի հաջողությունների և դրանց հիմքում կանգնած զինվորների, սպայական ու ենթասպայական կազմի և հրամանատարության մասին ամբողջական տեղեկատվությունը: