Այսպիսի բան երևի կինոներում էլ տեսած չլինեք… Նախ, գիտե՞ք, թե ինչ բան է հրասայլը: Հավանաբար գիտեք, օրինակ, ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը մեր դեմ կիրառեց դրանցից: Խոսքը ТОС-1-ի, այլ անվանմամբ' «Солнцепёк»-ի մասին է, որոնցից մեկն էլ մերոնք շարքից հանել էին: Հիմա պատկերացնո՞ւմ եք հրասայլի ստվարաթղթե տարբերակը: Անկեղծ ասած, մի քիչ դժվար է պատկերացնել, բայց ուրեմն կա, որ պաշտոնապես հայտնում են:

 

 

Պաշտոնապես հայտնում են նաև հետևյալը. քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արտակ Գևորգյանը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, այն է' անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով, 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01:30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին:

 

 

 

Ըստ մեղադրական եզրակացության, Ա. Գևորգյանը նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով: Չէ, այս մեկը շատ չեղա՞վ, բա ԱԱԾ աշխատակիցները ստվարաթղթե հրասայլից պետք է վախենայի՞ն' թեկուզ գույքի պահպանության կապակցությամբ:

 

Վերը նշված արարքի համար Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանությունը») 1-ին մասի հատկանիշով: