Ինչպես հայտնի է, Երևանում կայացել է ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերում այս կազմակերպության անդամ երկրների վարչապետները, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ինչ խոսք, այս նիստի հանդեպ հայաստանյան հասարակության դրսևորած հետաքրքրասիրությունն ավելի շատ պայմանավորված է ոչ թե դրա շրջանակներում քննարկված տնտեսական նախագծերի, անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկմամբ, այլ այն քաղաքական նշանակությամբ ու ենթատեքստով, որ իր մեջ ամփոփում է այն.բոլորն են հասկանում՝ ապրիլյան դեպքերից հետո այս կառույցի նշանակությունը սկսել է կարևորվել ոչ այնքան տնտեսական առումով, որքան՝ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական:

 

 

Այն, որ Անդրկովկասում փխրուն խաղաղության պահպանման գործում ռուսական կողմի ունեցած դերակատարությունն առանցքային է, խոստովանում են անգամ ՌԴ աշխարհաքաղաքական մրցակիցները՝ բացեիբաց հայտարարելով, որ Արևմուտքի ունեցած լծակները՝ ներազդելու տարածաշրջանի որոշ գործընթացների վրա, բավական սահմանափակ են: Աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում Մոսկվայի հավասարակշռված քաղաքականությունն այն միակ գրավականն է, առանց որի հուսալ, թե Անդրկովկասը երբևէ կարող է ապրել խաղաղության մեջ, կնշանակեր թերագնահատել տարածաշրջանին ամենամոտ գտնվող գերտերության ունեցած նշանակությունն ու լինել անտեղյակ աշխարհաքաղաքական պարզագույն օրենքներից:



Ինչ վերաբերում է կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին, որոնք մեր տարածաշրջանում կայունության գլխավոր երաշխիքն են, ապա պետք է ասել, որ վերջին շրջանում Մոսկվայից եկող ազդակները մեզ թույլ են տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, ռուսական կողմի մոտ կա այն հստակ գիտակցումը, որ դրանց բարեկամական բնույթը որևիցե կերպ չի կարող դրվել հարցականի տակ, ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող կառուցվել ի հաշիվ հայ-ռուսականի:Այսպես' Դ.Մեդվեդևը նախագահ Սարգսյանի հետ Երևանում ունեցած հանդիպման ժամանակ, փորձելով պահպանել դրական ֆոնը, հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Կարևոր է, որ ձեռք բերված զինադադարի ռեժիմը պահպանվի: Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենքՁեր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերը՝ երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար' հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95թթ., և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը: Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում»:

 

 

Հիմնական մեսիջը, որ կարելի է կարդալ այս խոսքի տողատակերում,թերևս, այն է, որ Մոսկվան գոնե տեսանելի ապագայում շարունակելու է աջակցել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ որպես ելակետ ընդունում է 1994-95-ի խաղաղության պայմանագիրը. ինչ խոսք, սա դիրքորոշում է, որը արմատապես բխում է հայկական կողմի շահերից:



Ի դեպ՝ մի ուշագրավ փաստ ևս, բայց այս անգամ արդեն Կրեմլին վերաբերող. մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով, ինչպես գիտեք, հանդես էր եկել սկանդալային հայտարարւթյամբ, թե ռուսական կողմը, անկախ ամեն ինչից, շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին, խստորեն պատժվել է' հայերի հասցեին թույլ տված բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար. նյուանս, որը կարող է բավական խոսուն լինել:



Դե ինչ, հաշվի առնելով այն, որ մեծ քաղաքականության մեջ ոչինչ պատահական բնույթ չի կրում, իսկ իրադարձություններն էլ, որպես կանոն, ընթանում են նախապես մշակված սցենարով, վերջին մոսկովյան մեսիջները'ուղղված մեզ, կարելի է դրական համարել'հույսով, որ ռուսները հետզհետե ավելի են համոզվում' միջազգային հարաբերություններում չկան այնպիսի ունիվերսալ բանաձևեր, որոնք կարող են կիրառվել այս կամ այն դեպքում. մոտեցումը' ցուցաբերած մեկ տարածաշրջանում, կարող է բնավ էլ իրեն չարդարացնել աշխարհի մեկ այլ ռեգիոնում, ու «պղտոր ջրում ձուկ որսալու» արատավոր պրակտիկան կարող է թանկ արժենալ անգամ գերտերություններին, ինչի վտանգը, անխոս, վերջին շրջանում զգալի էր նաև Մոսկվայում. «խեր լինի»…