Դեռ նույնիսկ մեկ ամիս էլ չի անցել ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի «մտքի փայլատակումից», որում Նաղդալյանն ազատագրված տարածքներն անվանեց «գրավյալ», հետո էլ բոլորիս անունից հայտարարեց, թե «մենք այդ հողերը չենք ուզում»: Այն ժամանակ շատերը քննադատեցին Նաղդալյանին ու ՀՀԿ-ին, ՀՀԿ-ից մասնավորապես պահանջեցին գնահատական տալ իրենց կուսակցի արարքին, գոնե գնահատական տալ, չնայած ավելի ճիշտ կլիներ զբաղեցրած պաշտոնից հեռացնելը:

 

 

Գնահատական չհնչեց, ՀՀԿ-ականներից ոչ ոք չհամարձակվեց, նույնսիկ փորձեցին «պահել» իրենց կուսակցին: Ահա հենց այստեղ է խնդիրը, որ մեր իշխանական թիմի ներկայացուցիչները չեն ուզում ընդունել իրենց թիմակիցների սխալները և ի զորու սթափ գնահատականներ տալու դեպքերին ու իրադարձություններին: Չէ՞ որ եթե այն ժամանակ ՀՀԿ-ականները չլռեին ու դրանով փաստացի չարդարացնեին Հերմինե Նաղդալյանին, այսօր մեկ այլ ՀՀԿ-ական' ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ավելի զգույշ կլիներ իր իր ատահայտություններում և հանդես չէր գա «մտքի փայլատակումով»: Իսկ դա տեղի ունեցավ, և մեր կորցրած տարածքները Բաղդասարյանն անվանեց «ամայի» ու «չմշակվող»:

Թողնենք մի կողմ այն, թե որտեղ իրականում պետք է փնտրել ամայությունը, և կրկին փաստենք, որ, ցավոք սրտի, այս անգամ էլ ՀՀԿ-ականները լռում են, նրանք չեն համարձակվում գնահատական տալ իրենց կուսակցի անզգույշ արտահայտությանը: Բաղդասարայնն ասաց ու անցավ առաջ, իր համար այդ լեզվի սայթաքումը հետևանքներ չի ունենա, իսկ դա նշանակում է, որ ևս մեկ ամիս անց նույն թիմի մեկ այլ ներկայացուցիչ շատ հանգիստ կերպով հերթական «մտքի փայլատակումը» կանի՝ չափազանց ուրախացնելով Haqqin.az-ին, Day.az-ին և մնացած այլ az-երին: Իսկ կուսակիցները նորից կլռեն:

Կարեն Վարդանյան