Արմավիրի մարզում մայիսի 23-ին ժամը 15:00-15:20-ի սահմաններում գրանցվել է ուժեղ քամի' 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների՝ քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

Այս պահի դրությամբ՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը սպասարկում է բոլոր ահազանգերը: Իրավիճակը գտնվում է նախարարության հսկողության ներքո:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս առաջիկա ժամերին մնալ շինությունների ներսում: Իրավիճակի վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ: