Զգույշ եղեք նաև փաստաբանների հետ գործ բռնելիս: Նրանց շարքերում, անշուշտ, կան նաև ազնիվ, անխարդախ, իրենց իրավաբանական ծառայության համար դիմողներին դառը փաստի առաջ չկանգնեցնող մասնագետներ, բայց, միաժամանակ, ստորև ներկայացվողն էլ առաջին ու միակ դեպքը չէ, երբ Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել իրավաբանական ծառայությունների մատուցողին:

 

 

Քր. գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գարիկ Պողոսյանն աշխատելով «Պողգան» ՍՊԸ-ի տնօրեն և զբաղվելով իրավաբանական ծառայությունների մատուցմամբ, հանդիսանալով Երևանի Եղ. Թադևոսյան փողոցի թիվ 18 շենքի 31-րդ բնակարանի բնակչուհիներ Իզաբելլա Մարտիրոսյանի և Մարիամ Մկրտչյանի կողմից լիազորված անձ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2012թ. ապրիլի 3-ը ժամանակահատվածում Երևանի Բագրատունյաց թիվ 38ա, Բագրատունյաց թիվ 40ա և Եղ. Թադևոսյան թիվ 5 հասցեներում գտնվող իր գրասենյակներում Երևանի բնակիչ Գագիկ Ղազարյանից մաս-մաս, որպես նախավճար, ստացել է ընդհանուրը 9200 ԱՄՆ դոլար և 500 ԱՄՆ դոլար' որպես իր ծառայության վճար:

 

Նշված գումարը, ըստ մեղադրական եզրակացության, Գ. Պողոսյանը ստացել է Երևանի Եղ. Թադևոսյան փողոցի թիվ 18 շենքի թիվ 31 բնակարանի վաճառքի հետ կապված հարցերը լուծելու' նշված բնակարանը սահմանված արգելանքից ազատելու և մյուս համասեփականատերերի բաժնեմասերի դիմաց վճարելու համար: Սակայն, համաձայն քր. գործի նյութերի, նա նշված աշխատանքների համար ծախսելով ընդհանուրը 400 դոլար, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված 3 234 000 դրամին համարժեք 8800 ԱՄՆ դոլար:

 

 

Վերը նշված արարքի' առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության համար Գարիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով: