Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցում է Բրյուսելում անցկացվող' «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովին՝ ի հակառակ անցյալ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սկանդալային հայտարարությանն այն մասին, որ «Ադրբեջանի բոլորովին էլ պետք չէ ինտեգրվել Եվրոպային, և մեզ պետք չեն եվրոպական արժեքները»:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համանուն հոդվածում գրում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:

 

Կայքը հայտնում է, որ Մամեդյարովի այցը Բյուսել անցնելու է ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեում Ադրբեջանում իրավիճակի այսօրվա քննարկման ֆոնին, որտեղ կոմիտեի համազեկուցող Ստեֆան Շեննախը պետք է զեկուցի ապրիլի սկզբին Ադրբեջան կատարած այցի արդյունքների մասին: Իր նախնական զեկույցում Շեննախն ադրբեջանական իշխանություններին կոչ էր արել ամբողջությամբ կատարել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իրենց պարտավորությունները, ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և վերացնել հասարակական կազմակերպությունների գործունեության դեմ հարուցած խոչընդոտները:

 

«Արևելյան գործընկերության» երկրների նախորդ գագաթաժողովը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 21-22-ին Ռիգայում: Այդ տարվա հուլիսի 14-ին Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախարարների կաբինետի նիստում հայտարարել էր այն մասին, որ Ադրբեջանին պետք չէ ինտեգրվել Եվրոպային, և պետք չեն եվրոպական արժեքները: Դա տեղի էր ունեցել Բաքվում European Games 2015 խաղերի բացման արարողությանը մասնակցությունից բազմաթիվ եվրոպական առաջնորդների հրաժարվելուց հետո (president.az):

 

«Այդպիսի ձևաչափ մեզ պետք չէ: Որտեղ որ պետք է՝ մենք արդեն ինտեգրվել ենք: Գտնում եմ, որ եթե այսօր հարկ լիներ ընտրություն կատարել, ապա, հնարավոր է՝ մենք չէինք մտնի նաև Եվրոպայի Խորհուրդ: Մենք շատ լավ կարող ենք ապրել առանց Եվրոպայի Խորհրդի և ապրել ենք մինչև 2001 թվականը, և չենք մահացել»,- ասել էր Ալիևը:

 

«Սակայն, չնայած Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը, արտգործնախարար Էլմար Մամեդյարովն, այդուհանդերձ, մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու «Արևելյան գործընկերության» այսօրվա գագաթաժողովին»,- գրում է կայքը:

 

Meydan TV-ն այդ առնչությամբ հարց է ուղղել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը. ինչո՞ւ է նախարարը մեկնել գագաթաժողով ին՝ հակառակ Նախագահի հայտարարությանը, և ստացել պատասխան, որ ԱԳՆ-ն չի մեկնաբանելու՝ խորհուրդ տալով նայել նախարարության կայքը, որտեղ բացակայում է Մամեդյարովի Բրյուսել կատարած այցի մասին տեղեկությունը:

 

Ադրբեջանն ԵԽ-ին անդամակցել է 2001 թվականի հունվարի 25-ին և ստորագրել է մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների մասին Կոնվենցիան, որոնց պարտավոր է հետևել: Ադրբեջանն ավելի վաղ ստորագրել էր Եվրամիության հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 1-ին:

 

«Ադրբեջանում շարունակվում են գրոհները քաղաքացիական հասարակության և քաղաքականապես այլախոհների վրա: Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են անկախ լրագրողներին և ակտիվիստներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Առկա է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին Ադրբեջան չթողնելու և երկրից վռնդելու պրակտիկա»,- ասվում է Amnesty International կազմակերպության՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ 2015/2016 թվականների համար զեկույցում:

 

«Արևելյան գործընկերության» գործընկեր-երկրներում և ԵՄ հետ նրանց համագրոծակցությունում, որի մեջ մտնում են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը, բարեփոխումների հիմնական առաջնություններից մեկը հանդիսանում է ժողովրդավարությունը և երկրների կողմից կառավարման համակարգի կատարելագործումը: