ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կանևրան և ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը մտահոգություն են հայտնել Թուրքիայի խորհրդարանում ընդունված սահմանադրական փոփոխության առաջարկի առնչությամբ, որը նախատեսում է վերացնել այն պատգամավորների անձեռնմխելիությունը, ում գործով հետաքննություն է անցկացնում դատարանը: Այս մասին տեղեկացնում են ԵԱՀԿ գրասենյակից:

 

Հայտարարության մեջ Կանևրան ընդգծել է, որ պատգամավորների անձեռնմխելիությունը հանդիսանում է որպես ազատ գործելու երաշխիք, մինչդեռ դրա վերացումը ռիսկի տակ է դնում Թուրքիայում իշխանությունների տարանջատումը' վնասելով երկրի խորհրդարանական կյանքի բազմակարծությանը: «Թուրքիան ԵԱՀԿ 56 երկրների հետ պարտավորվել է աջակցել քաղաքական բազմակարծությանը և տրամադրել քաղաքական կուսակցություններին ու կազմակերպություններին անհրաժեշտ օրենսդրական երաշխիքներ՝ թույլ տալով մրցել միմյանց դեմ օրենքի և իշխանությունների առաջ հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք թուրքական իշխանություններին հորդորում ենք տեր կանգնել այս հանձնառությանը»,- նշել է Լինքը:

 

Թուրքիայի ազգային մեծ ժողովում մայիսի 20-ին քվեարկության միջոցով ընդունվել է սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում: Այդպիսով, թուրքական իշխանությունները նախատեսում են վերացնել ընդդիմադիր կուսակցությունների շուրջ 100 պատգամավորի անձեռնմխելիությունը: