Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 20-ի հրամանագրով, ինչպես արդեն հայտնի է, զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը: Նախագահի հրամանագրում մասնավորապես նշված է.

 

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը' որոշում եմ.

 

 

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»։

 

 

Խոսակցություններն այն մասին, որ նախագահը Մելսիկ Չիլինգարյանին պաշտոնից ազատել է բանակի վատ սպառազինված լինելու պատճառով, ինչը պարզվել է ապրիլյան հայտնի իրադարձությունների ժամանակ, իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում, համենայն դեպս, պաշտոնից ազատելու պատճառի առումով: Նախագահի հրամանագրում հստակ նշված է, որ ինքը որոշել է Մելսիկ Չիլինգարյանին հիշյալ պաշտոնից ազատել' հիմք ընդունելով նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: Նշված օրենքի 51-րդ հոդվածի («Զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու հիմքերը») 1-ին մասի 2-րդ կետը հիմք ընդունելը նշանակում է, որ Մելսիկ Չիլինգարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի լրանալու պատճառով: Մ. Չիլինգարյանը ծնվել է Ղարաբաղի Վանք գյուղում, 1956թ. մայիսի 9-ին, այս տարվա մայիսի 9-ին լրացել է նրա 60 տարեկանը, իսկ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի («Զինվորական ծառայության տեսակները և ժամկետները») 6-րդ մասի համաձայն, գեներալ-մայորների համար զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը հենց 60-նն է:

 

 

Ինչ վերաբերում է բանակի լավ կամ վատ սպառազինված, այս նպատակով մինչ այժմ հատկացված, ծախսված գումարների մի մասի յուրացված, վատնված, արդյունավետ լինել-չլինելուն, ապա դա բոլորովին այլ խնդիր է: Այս ոլորտը, կարծում եմ, լուրջ ուսումնասիրության կարիք ունի:



Ելնելով իմ ունեցած տեղեկություններից ու փաստերից՝ ես նույնպես դժգոհ եմ մեր բանակի սպառազինության ու տեխնիկական հագեցվածության մակարդակից: Օրինակ, անվիճելի է, որ մինչև ապրիլի սկզբի լայնածավալ ռազմական գործողությունները, ինչպես ՀՀ զինված ուժերը, այնպես էլ ԼՂՀ Պաշտպանության բանակը չեն ունեցել բավարար քանակի մշտադիտարկման–տեսագրման օպտիկա-էլեկտրոնային սարքեր կամ համակարգեր՝ նախատեսված Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանամերձ գոտում և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամու կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի առկայության, քանակի, շարժի շուրջօրյա տեսահսկման համար: Այնտեղ, որտեղ եղել է (Ակնայի ուղղությամբ), մեր զինվորները թշնամու տանկերի, զինուժի կուտակումը, շարժը նկատել են նախապես և, որքան տեղյակ եմ, մինչ հարձակումը կանխիչ հարված են հասցրել՝ միակ կանխիչ հարվածն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից ռազմական լայնածավալ գործողություններն սկսելուց առաջ:

 

 

Ապրիլյան իրադարձություններից հետո սահմանային դիրքերում այդ սարքերն արդեն տեղադրվել ու տեղադրվում են, կարևոր է, որ ֆինանսական միջոցները բավարարեն և այդ համակարգերից ունենան այն բոլոր սահմանային դիրքերը, որոնք դրանց կարիքն ունեն: Եթե սահմանային բոլոր դիտակետերը, որոնց դիմաց անտառ չէ, ապրիլի 2-ից առաջ ունենային այդ սարքերից, ապա մեր զոհերի քանակը դժվար թե 100-ից անցներ: Ընդգծեմ մի կարևոր հանգամանք. այդ սարքերը թույլ են տալիս հայտնաբերել Ադրբեջանի տանկերն ավելի մեծ հեռավորությունից, քան այդ տանկերի հրանոթների հեռահարությունն է:

 


Մեկ այլ խնդիր է, թե ինչպես են ծախսվել ու ծախսվում տեղական ռազմաարդյունաբերությանը հատկացված գումարները: Արդյոք կատարված բոլոր ծախսե՞րն են արդյունավետ, արդյոք ավելի նպատակահարմար չէ՞ր տեղական այս կամ այն հրաձգային զենքի, փամփուշտի արտադրության փոխարեն, մոտավորապես նույն գումարով, բայց ավելի որակյալը կամ մարտական, տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցողը գնել, ասենք, Ռուսաստանից կամ Բելառուսից: Սրանք հարցեր են, որոնք, կարծում եմ, կարող է պարզել միայն անկախ և անկողմնակալ հանձնաժողովը, եթե, իհարկե, նախագահը, Ազգային ժողովը, թերևս նաև վարչապետը ստեղծեն այդպիսի հանձնաժողով: Ի վերջո, եթե երբևէ այդպիսի հանձնաժողով ստեղծվի, ապա լավ կանի, եթե ուսումնասիրի նաև զինվորականների շրջանում «Խաչատուրովի փամփուշտներ» անվամբ հայտնի փամփուշտների որակը, պարզի, թե իրականությանն արդյոք համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ դրանք չեն կրակվում, թափվում են կրակող զինվորի դիմաց:

 

 

Արթուր Հովհաննիսյան