Երեկ Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում տեղի ունեցավ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը:

 

 

Արձանի տեղադրումը շատերի մոտ, միգուցե և արդարացված, դժգոհություն առաջացրեց։ Կարծիքներ եղան, որ զինվորականի արձանը չպետք է նստած լինի, որոշները կարծում են՝ 21-րդ դարում կիսանդրի կամ մարդկանց արձաններ տեղադրելը ակտուալ չէ։ Ընդհանրական պատկերը հետևյալն է՝ արձանն անճաշակություն է։

 

 

Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց արձանի ճարտարապետ, «ԱՄԱԳ» ճարտարապետադիզայներական կազմակերպության տնօրեն Միքայել Միսակյանի հետ։

 

 

- Պարո՛ն Միսակյան, մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը հասարակության լայն շերտի դուր չի եկել, այն որակում են՝ անճաշակություն։ Ավելին՝ շատերը պնդում են, որ զինվորականի արձանը չի կարող նստած լինել։ Ի՞նչ կարող եք ասել, ինչու որոշվեց նստած քանդակել Բաբաջանյանի արձանը։



- Ինձ հարցնում են՝ ինչու նստած։ Միշտ բոլորը պատկերացրել են զորավարները, զինվորականները պետք է կանգնած լինեն, պետք է ձիու վրա լինել, նստած երբեք ոչ մեկը չի պատկերացրել։ Ամբողջ իդեոլոգիան եղել է Համազասպ Բաբաջանյանի անցած ուղին, դաժան ուղին։ Դա իր կյանքի պատմությունն է, որ ինքը նստած մտորում էր իր անցած ճանապարհի մասին։ Այսինքն՝ նա դադարի մեջ էր, պատերազմական վիճակը չէր։ Դա իր անցած տարիների մտորումներն էր։ Նա նայում էր Արարատ լեռանը։ Նա երբ վերջում եկել էր Հայաստան, նայում էր Արարատ լեռանը։ Տրամաբանական համատեղ լուծումը դրան էր միտված, որ ինքը նստած լիներ, դադարի մեջ լիներ։ Հատկապես՝ կերպարը շատ վիճողական, հակասական պահեր ուներ, մանավանդ Հունգարիայի հետ կապված, դրա համար ինքը կարծես՝ մտորում է, թե ինչ է եղել իր ամբողջ կյանքը։

 

 

- Դժվա՞ր եք հանգել այն որոշմանը, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը պետք է նստած լինի։ Քննարկումներ եղել են, ի՞նչ կարծիքներ են հնչել։



- Քննարկումներ են եղել գեղարվեստական խորհրդում, Պաշտպանության նախարարությունում, որ արձանը կանգնած լիներ։ ՊՆ-ն ևս ուզում էր, որ կանգնած լիներ արձանը։ Մարշալ Բաբաջանյանը հասակով կարճ է եղել, դրա համար մենք ուզում էինք՝ նա նստած լիներ։ Նաև նշեմ, որ ինքը նստել է Հիտլերի աթոռի վրա, որպես ռազմավար։ Դրա մեջ կար հոգեբանական պահ, թե ինչու Հիտլերի աթոռ։

 

 

- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչու բացասական ընկալվեց մարդկանց կողմից։



- Մարդիկ անսովոր են։ Տիպիկ օրինակ՝ Առնո Բաբաջանյանի արձանը ժողովուրդը շատ դժվար ընդունեց, հիշեք՝ ինչ պատերազմ էր գնում, ընդհուպ մինչև արձանը հանելու պահանջ։ Ժողովրդի համար մի քիչ անսովոր է։ Բայց դե պատմության մեջ մի քիչ վիճելի բաներ կան նրա անձի հետ կապված, դրա համար չէին ուզում ինքը կանգնած լիներ։

 

 

Քրիստինա Աղալարյան