Ընդամենը մեկ անլրջություն հայ պատագամավորի կողմից ու մեկ այլ հայ պատգամավորի կողմից՝ այդ անլրության հաստատում և Իլհամ Ալիևի ձեռքին հաղթաթուղթը պատրաստ է: Խոսքս միջուկային զենքի մասին է, այն միջուկային զենքի, որը մենք չունենք, սակայն մեր թշնամի Ադրբեջանն արդեն իսկ դիմել է միջազգային ատյաններին, ավելի շուտ՝ Ստամբուլում կայացած՝ ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ արդեն հայտարարել է Հայաստանի «միջուկային զենքի» և Հայաստանի կողմից սպասվող «սպառնալիքի» մասին: Եվ ամենակարևորը այն է, որ Ալիևն իր հայտարարությունը հիմնավորել է Հայաստանի ԱԺ պատգամավորների հայտարարություններով: Բայց ամենավատն այստեղ այն է, որ իսկապես մեր պատգամավորները նման բան ասել են, նախ Հրանտ Բագրատյանն է համոզված կերպով հայտարարել, հետո էլ Արմեն Ռուստամյանն է ոչ պակաս լուրջ տոնով հաստատել Բագրատյանի ասածը: Մարդիկ հումոր չեն արել, մարդիկ իսկապես իրենք իրենց հավատում են, որ մենք միջուկային զենք ունենք: Եվ այդ մարդիկ ներկայացնում են մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը, ավելին՝ նրանցից մեկն էլ ժամանակին երկրի վարչապետն է եղել…

 

 

Հավատքի, դավանանքի և խղճի ազատության այս ժամանակաշրջանում մարդն ազատ է իր կողմնորոշումների մեջ, կարող է հավատալ ինչին կամենա և ում կամենա: Այո, նույն հաջողությամբ էլ ոմանք իրավունք ունեն հավատալու, թե մենք միջուկային զենք ունենք, սակայն ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդու հավատքն արտահայտվի ոչ սեփական երկրին վնասելու գնով: Իսկ երկրին վնասելը ոչ թե Ալիևի հայտարարությունն էր, այլ դրա հնարավոր հետևանքները: Վերջապես մւջազգային կառույցները դա կարող են հիմք ընդունել և փորձել ստուգել՝ կա՞ արդյոք միջուկային զենք Հայաստանում, թե՞ ոչ: Դա էլ ենթադրում է որոշակի ճնշումներ մեր երկրի վրա, մի խոսքով՝ ավելորդ գլխացավանք, որը առավել ևս հիմա մեզ բնավ պետք չէր: Եվ այս ամենը՝ չեղած տեղը, գոյություն չունեցող ինչ-որ բանի պատճառով, ավելի շուտ՝ երկու հոգու չմտածված խոսելու հետևանքով:

 

 

Կարեն Վարդանյան