Հայաստանում օրեցօր խորացող աղքատության, սոցիալական անհավասարության մասին, թերևս, խոսել ենք բազմիցս, բազմիցս ենք մատնանշել այն գործոններն ու պատճառները, որոնք ընկած են մեր երկրում առկա սոցիալական անարդարության հիմքում՝ հաճախ ցույց տալով այն մեխանիզմներն ու գործիքակազմերը, որոնք գործի դնելով՝ հնարավոր կլիներ դուրս գալ այս լճացած իրավիճակից:

 

 

Բայց ինչպես կյանքն է ապացուցում, որքան էլ կատարյալ լինեն աղքատության ու սոցիալական բևեռացման դեմ գործածելիք մեթոդներն ու բանաձևերը, եթե իշխանությունները տրամադրված չեն երկրում ինչ-որ բան փոխելու ու սովոր են բացառապես քաղցր-մեղցր խոսքերով «բավարարելու» հասարակության օբյեկտիվ պահանջմունքները՝ առանց «մատը մատին տալու», ոչ մի գործիքակազմ էլ չի կարող մթնոլորտ փոխել երկրում: Ինչպես գիտեք, օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ արդյունավետ պետություն կառուցելու, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարելու, պետական ապարատի ծախսերը կրճատելու մասին հայտարարությամբ՝ շեշտադրում կատարելով հատկապես երկու ոլորտի վրա՝ կրթության ու առողջապահության:



Ինչպես ցույց տվեց կյանքը, սակայն, այդ հայտարությունը հակառակ ազդեցություն է թողել, ուկառավարությունում որոշ դեմքեր, մասնավորապես՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ելույթն այդ ընկալել է բոլորովին այլ կերպ, քան ենթադրվում էր. պարզվում է՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2016-17 ուսումնական տարվա վարձավճարները բավական բարձրացել են. որոշ ֆակուլտետներում թանկացումներ են նկատվում 30, որոշներում 50, մյուսներում 70, 100 հազարական դրամներով և այսպես շարունակ:



Դե ինչ, ինչպես կարելի է նկատել անգամ անզեն աչքով, դաշնակցական նորաթուխ նախարարը, եկած-չեկած, փորձում է սեփական «շտկումները» մտցնել մեր կրթության համակարգում՝ կյանքի կոչելով այնպիսի գաղափարներ, որոնք ոչ միայն վիճելի են, այլև հակասոցիալական, քանի որ եթե հանրակրթության մասով նրա ուղարկած «մեսիջները» գոնե ինչ-որ տեղ թողնում էին՝ բանավիճելու ու հակադիր կարծիքների համադրման արդյունքում խելամիտ եզրահանգման գալու, ապա այս մեկը, անկասկած, դուրս է մրցակցությունից, ու սոցիալիստ նախարարի հակահասարակական այս որոշման արդյունքում հասարակությունում կուտակվելիք դժգոհությունը իրեն երկար սպասել չի տա. սա՝ անխոս:

 

 

Ամենևին էլ հեծանիվ չենք լինի հայտնագործած, եթե ասենք, որ մեր երկրում օրհասական խնդիր է մնում ոչ միայն կրթության ընդհանուր մակարդակի բարձրացումն ու այն նոր, զարգացած աշխարհի չափանիշներին համապատասխանեցնելը, այլև, որ ամենակարևորն է, դրա մատչելիության ապահովումն ու բարձրագույն կրթությունը հասարակական լայն շերտերին հասու դարձնելը: Ուստի՝ հարցը, թե մկրտչյանական «բարեփոխումների» արդյունքում այս կարևորագույն խնդիրների լուծումը որքանով է իրական դառնում, թողնում ենք յուրաքանչյուրիդ բանականությանն ու ևս մեկ ավելորդ անգամ փաստում կյանքով ապացուցված այն ճշմրատությունը, որ այլ է անձը նախքան պաշտոն ստանձնելը և բոլորովին այլ էակ, երբ նստած է աթոռին. դաշնակցական նախարարների վերջին շրջանի գործելակերպն ու աշխատելաոճն ասվածի լավագույն ապացույցն են…



Դավիթ Բաբանով