Հայաստանի Հանրապետությունում այսօր չափազանց քիչ են այն գետերն ու լճերը, ուր կարելի է գնալ սիրողական ձկնորսության համար ու ձուկ բռնել: Պատճառը ոստիկանության և, հատկապես, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գրեթե մշտական կամ կատարյալ անգործության պարագայում տարիներ շարունակ բազմաթիվ անձանց կողմից իրականացված ձկնագողությունն է:

 

 

Ընդ որում, այն վիճակը, որ այսօր կա, ոչ այնքան տարբեր թակարդների, ուռկանների, ցանցերի օգտագործման հետևանք է (դրանցով հնարավոր չէ եղած ձկնատեսակները հասցնել գրեթե բնաջնջման եզրին), որքան ձկնորսության համար բացարձակապես անթույլատրելի այնպիսի միջոցների գործածման, ինչպիսիք են էլեկտրահարումը, պայթեցումը և քլորային միացության կիրառումը:
Վերը նշված միջոցների կիրառումն արդեն ոչ թե ձկնորսություն, այլ ձկների զանգվածային ու բարբարոսական ոչնչացում է: Էլեկտրահարումից, պայթյունից շշմում, ցնցակաթվածի մեջ են ընկնում, քլորից թունավորվում են նաև ամենատարբեր չափերի մանրաձկները: Այսինքն' ոչնչացվում են գետում, լճում եղած բոլոր ձկնատեսակների բոլոր սերունդները, ցեղասպանվում են, ահռելի, իսկ որոշ դեպքերում անդառնալի վնաս է պատճառվում լճերի, գետերի ձկնային պաշարներին և մայր բնությանը:

 

 

Ասել, թե ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը և ոստիկանությունն ընդհանրապես ոչինչ չեն անում, սխալ կլինի: Երբեմն ստուգայցեր են իրականացնում, ստուգայցերով կամ առանց ստուգայցերի բռնում ձկնագողերին, միջոցներ ձեռնարկում նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Սակայն այդպիսի դեպքերը ձկնագողության իրական մասշտաբների համեմատ այնքան քիչ են, որ կարելի է համարել վերադասին զեկուցելու կամ քննադատողների բերանը փակելու համար անհրաժեշտ հերթապահ դեպքեր: Այսինքն' անհրաժեշտ ցուցանիշներ ապահովելու համար նախատեսված բացահայտումներ, որպեսզի հարկ եղած դեպքում հակադարձեն' ո՞վ է ասում, թե չենք պայքարում… Ըստ էության, ոչ թե ձկնագողության դեմ պայքար է իրականացվում, այլ ստեղծվում է այդ պայքարի երևութականություն:

 

 

Հերթապահ ցուցանիշ ապահոված այդպիսի դեպքերից մեկն էլ ստորև ներկայացվողն է: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Մատինյանը, Սարգիս Մատինյանի և Միքայել Մուսինյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, ձկներ ապօրինի արդյունահանելու դիտավորությամբ, 2016թ. ապրիլի 9-ին, ժամը 15:00-ից 17:00-ի սահմաններում օգտագործելով էլեկտրական փոխարկիչ, մարտկոց, կիրառել են ձկների զանգվածային ոչնչացման միջոց: Ըստ մեղադրական եզրակացության, զինված այս տեխնիկական միջոցներով ու ցանցերով, նրանք Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի վարչական տարածքով հոսող Ձորագետ գետից ապօրինի արդյունահանել են թվով 175 գետի կողակ և թվով 53 գետի բեղլու տեսակի ձկներ: Քր. գործի նյութերի համաձայն, նրանք պետությանն այդպիսով պատճառել են խոշոր չափերի վնաս, ընդհանուրը' 228 000 դրամի: Փաստորեն նրանք իրենց այսօրվա նեղ շահի համար մեծ վնաս են պատճառել գետին, և ո՞վ իմանա, թե նույն եղանակով դեռ քանի ձուկ կբռնեին, եթե չբռնվեին իրենք:
Վերը նշված արարքի համար Արթուր Մատինյանին, Սարգիս Մատինյանին և Միքայել Մուսինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի («Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով: Նշենք, որ տվյալ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

 

 

 

Արթուր Հովհաննիսյան