«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը վաղը՝ մայիսի 27-ին ժամը 18։00-ին, պատրաստվում է Ազատության հրապարակում բողոքի ակցիա։ Նրանք ձևավորել են նաև հանրային խորհուրդ, որում ընդգրկված են քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ։

 

«Այդ օրը նախատեսվում է մոտ մեկ ժամ տևողությամբ հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ ելույթ կունենան Հանրային խորհրդի անդամներ՝ Լևոն Բարսեղյանը, Անդրեաս Ղուկասյանը, Թամարա Հովհաննիսյանը, Գարեգին Չուգասզյանը և այլք։ Ժամը 19:00-ին մենք երթով կշարժվենք Մաշտոցի պողոտայի աջ մայթով մինչև Լուսավորիչ-Պարոնյան փողոց, ապա անցնելով մյուս մայթ՝ հետ կգանք Ամիրյան փողոց, կշարվենք դեպի Հանրապետության հրապարակ և կվերադառնանք Ազատության հրապարակ։
Մեր քանակից կախված տեղում կորոշենք նստացույց անելու նպատակահարմարությունը։

 

Ակնհայտ է, որ ոչ ոք պատերազմ չի ցանկանում, բայց ով և ինչ երաշխիք կարող է տալ, որ սահմանին այլևս զոհեր չեն լինելու: Բ26 ի վիճակի չէ տալու նման երաշխիքներ կամ ապահովելու մեր անվտանգությունը: Եթե Բ26 հողեր տալը համարում է խաղաղության գրավական, ապա նա պետք է ողջ Հայաստանը հանձնի թուրքին»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ։

 

Նշենք, որ այս նախաձեռնությունը հիմնականում կազմված է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից, Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներից, ովքեր այս ընթացքում երկու բողոքի ակցիա են իրականացրել, սակայն դեռևս ոչ մի առարկայական արդյունք չկա։ Նախագահական առանձնատան մոտ նախորդ ակցիայի ժամանակ նախաձեռնության անդամները պահանջում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը դուրս գա և անձամբ իրենց հետ խոսի ու բացատրություն տա՝ ինչու է բանակը նման վիճակում։