Մինչ հայ-ռուսական հարաբերությունները դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսում են թևակոխել մարման փուլ, ու Հայաստանում շատանում է այն մարդկանց թիվը, ովքեր ավելի հաճախ են հարցականի տակ առնում այդ հարաբերությունների իսկությունն ու բարեկամական բնույթը, Արևմուտքը շարունակում է իրեն հատուկ ճկուն կեցվածքով ու անպարտելի դիվանագիտության շնորհիվ ամրապնդել սեփական դիրքերը Հայաստանում: Պարզվում է՝ի հակադրություն ռուսական «Գրիբոյեդով» ակումբի, որի ստեղծման նպատակն ու իմաստը, անկեղծ ասած, այդպես էլ մինչև վերջ անհասկանալի մնաց, Արևմուտքը, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ, ձեռնամուխ է եղել «Եվրոպական ակումբի» հիմնադրմանը, որում առաջին քննարկումը կայացել է մայիսի 3-ին:

 

Տեղեկատվության կարգով նշենք, որ որպես ակումբի գործունեության հիմնական նպատակ հայտարարված է հայկական և եվրոպական համալսարանների և հետազոտական կենտրոնների փորձագետների համախմբումը՝ ԵՄ քաղաքականության վերաբերյալ քննարկումներն անցկացնելու նպատակով:

 

Համաձայնե՛ք՝ քչերը կարող էին ենթադրել, որ քառօրյա պատերազմը, ըստ էության, կարող էր հանդիսանալ այն սահմանագիծը, որից այն կողմ պետք է Հայաստանում ու, հետևաբար՝ ողջ տարածաշրջանում, սկիզբ առնեին այնպիսի գործընթացներ, որոնք լրջագույն հարվածի տակ պետք է դնեին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում. Արևմուտքը առիթը բաց չի թողնում՝ ներկայումս Հայաստանում՝ Կովկասում Ռուսաստանի վերջին հենակետում, հակառուսական տրամադրությունների հետևանքով առաջացած պարարտ հողի վրա կառուցելու մեր երկրի հետ նոր հարաբերություններ՝ առավել խորն ու համապարփակ, ինչը, ըստ տրամաբանության, պետք է որ անհանգստացնող փաստ լիներ Մոսկվայի համար. համապատասխան արձագանքները, սակայն, կարծես ուշանում են, իսկ արևմտյան «փափուկ ուժը» շարունակում է իր հաղթարշավը աշխարհով մեկ:


Վստահաբար կարելի է պնդել, որ դիցուք Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հիմնավորապես կապված է այդ երկրի կողմից վարվող սխալ, լղոզված ու ագահ քաղաքականության հետ. ցանկանալով նստել միանգամից երկու աթոռի վրա՝ Կրեմլը մոռացել է կյանքով ապացուցված մի ճշմարտություն. «փորձված թանն անփորձ մածունից լավ է»: Իսկ այն, որ ներկայիս Ադրբեջանը ոչ միայն անփորձ մածուն է, այլև՝ թունավոր, Մոսկվայում կարծես չեն ուզում գիտակցել, քանի որ այնտեղ, ըստ էության, հույս ունեն, որ կարող են հայկական կողմին մանրադրամ դարձնելով՝ շահել Ալիևի սիրտն ու Բաքվին ներքաշել ԵՏՄ, որի գոյությունից, ինչպես սթափ տնտեսագիտական հաշվարկներն են փաստում, օգտվում է բացառապես Ռուսաստանը: Բայց Մոսկվայի ստրատեգները, դյութված սեփական չեղած փառքի ստվերով, հաշվի չեն առել մեկ կարևորագույն փաստ՝ Ադրբեջանը վաղուց գտնվում է Լոնդոնի վերահսկողության տակ, իսկ ալիևյան կլանն էլ սնվում ու գոյատևում է բացառապես արևմտյան բանկիրների թողտվությամբ ու նրանց կողմից սահմանված չափաբաժնով: Ի՞նչ է, մի՞թե Կրեմլը հույս ունի, որ Մեծ Բրիտանիան ու նրա թիկունքում կանգնած Վաշինգտոնը թույլ կտան, որ Ադրբեջանը դառնա ռուսական աշխարհաքաղաքական պրոյեկտի մի կարևորագույն մասնիկը. Արևմուտքն ավելի շուտ գահընկեց կանի Ալիևին, քան ռուսները կհասցնեն աչք թարթել (պանամական փաստաթղթերի հետ կապված սկանդալն ընդամենը մեծ բուրգի ծայրամասն է):


Փաստ է՝ «սուրբ տեղը երբեք թափուր չի մնում», ու եթե Ռուսաստանը չսթափվի ու Հայաստանի նկատմամբ վարվող անհասկանալի քաղաքականությունն արմատապես չվերանայի ու գործով չապացուցի, որ բարեկամ է մեզ, այստեղ ի հայտ եկած հակառուսական տրամադրություններն օգտագործելով՝ Արևմուտքը փոքր, բայց հաստատուն քայլերով սկսելու է նվաճել Երևանը՝ դուրս մղելով այստեղից ռուսներին ու մեկընդմիշտ կտրելով Անդրկովկասը Ռուսաստանից. Ալիևը կատարյալ գործիք է՝ նպատակակետին հասնելու համար…


Դավիթ Բաբանով