Տեղյա՞կ եք արդյոք, որ քաղաքական միջկառավարական կազմակերպություն հանդիսացող Եվրոպայի խորհուրդը (Եվրախորհուրդ), նույն ինքը' Եվրոպական պառլամենտը, 1987 թ. հունիսի 18-ին ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև: Ահա համապատասխան հատվածը.

 

 

Եվրոպական պառլամենտը՝

 

 

«Նշում է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար և ամենայն հաստատակամությամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:

 

 

Մեջբերումը կատարված է անվանի պատմաբան, ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի «Հայկական հարցը» աշխատության (Երևան, 1995) 67-րդ էջից:

 

 

1987 թվականին դեռ Խորհրդային Միության կազմում էինք ապրում, Արցախյան շարժմամբ ազգային վերազարթոնքը դեռ չէր սկսվել, այսօրվա համեմատ քիչ մարդիկ էին ուշադրություն դարձնում այսպիսի լուրերին, բացի այդ, Եվրոպայից լուրեր հրապարակող լրատվության այսօրվա միջոցներից շատերը չկային, շատերն այս մասին տեղյակ չեն, ովքեր էլ ժամանակին կարդացել են, նրանցից շատերն անցած մոտ 30 տարում մոռացել են, իսկ նոր սերունդը, կարելի է ասել, գրեթե ընդհանրապես տեղյակ չէ այս մասին:
Հիմա ուշադրություն դարձնենք, թե ինչ հաստատագրումներ է կատարել Եվրոպայի խորհուրդը:

 

 

Առաջինը' այն, որ «ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար…»: Սա նշանակում է բացարձակապես անտեսել այն պատմական իրողությունը, որ հայ բնակչության ողբերգությունը, ավելին' հայ ժողովրդի ցեղասպանությունը և ունեզրկումը շարունակվել են նաև քեմալականների և քեմալական Թուրքիայի օրոք: 1921-22 թվականներին քեմալականները բազմաթիվ հայերի են կոտորել, հազարավոր հայեր կրկին հարկադրված են եղել գաղթել Թուրքիայից: Արևելյան Հայաստանում քեմալականները 1920-1921 թթ. ոչնչացրել են շուրջ 200 000 հայերի, 1922 թ. սեպտեմբերին Զմյուռնիայում՝ մոտ 100 000 հույների և հայերի: 1923թ. սեպտեմբերին, թուրքական նոր օրենքի համաձայն, մեկընդմիշտ արգելվել է հայերի վերադարձը Թուրքիա: 1923թ. հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության, այսինքն' ներկայիս Թուրքիայի հիմնադրումից կարճ ժամանակ անց, նոյեմբերի 30-ին Թուրքիան տեղահանել է Պոնտոսի հայերին և հույներին: Նույնիսկ ըստ պաշտոնական վիճակագրության, 1927թ. Թուրքիայում դեռ 77 400 հայ էր ապրում, ի՞նչ եղան նրանք հետո…

 

 

Երկրորդ. Եվրոպայի խորհուրդը բանաձևում «ամենայն հաստատակամությամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության' առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ» (ընդգծումը' հեղինակինը):

 

 

 

«Ամենայն հաստատակամությամբ» ընդգծելն այստեղ նշանակում է ամենայն վճռականությամբ, անքննելիորեն, անդրդվելիորեն բացառել բանաձևի ընդունումից հետո այսօրվա Թուրքիայի նկատմամբ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի առաջադրման համար տվյալ բանաձևը հիմք ծառայեցնելը: Պատկերացնո՞ւմ եք' նույնիսկ քաղաքական… Այլ կերպ ասած, ըստ Եվրոպայի խորհրդի, հայերիս արյունը կապույտ է, հրեաները, որոնք հայրենիք չէին կորցրել, իրենց ցեղասպանության համար իրավունք ունեին, կարող էին Գերմանիայից պահանջել ու ստանալ հսկայական ֆինանսական փոխհատուցում, իսկ հայերս, չնայած որ մեզանից ավելի քան 1,5 մլն կյանք ու մի ողջ երկիր-դրախտավայր են խլել, խաչել են մեզ, Եվրոպայի խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ չենք կարող առիթ կամ հիմք ծառայեցնել այսօրվա Թուրքիայի նկատմամբ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջ ներկայացնելու համար, քանի որ Եվրոպայի խորհուրդն ի սկզբանե արդեն իսկ որոշել է, որ տվյալ բանաձևն այդպիսի առիթ չի կարող հանդիսանալ:

 

 

Զարմանալ պետք չէ, սթափվել է պետք, սա է իր քաղաքական էլիտայի հիմնական մասով երեկ և այսօր պոռնիկի քաղաքականություն վարող Եվրոպայի իրական դեմքը: Մեզանից շատերն էլ, անտեղյակ այս բանաձևին, ուրախանում, հպարտանում կամ մխիթարվում են, որ Եվրոպայի խորհրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

 

Արթուր Հովհաննիսյան