Գյումրիում շարունակվում են Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստերը: Դատական այս նիստը հետաձգվել էր մեկ շաբաթով. դատարանը մայիսի 13-ին կայացած նիստի ընթացքում բավարարեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստը 1 շաբաթով հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստվում է միջնորդություն, որը բավական երկար ժամանակ է պահանջում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Լուսինե Սահակյանից, չնայած գործի հանգամանքներից ելնելով միջնորդության մասին դեռ վաղ է խոսել, սակայն փաստաբանը նշեց, որ խոսքը վերաբերում է քաղհայցով դատարանին դիմելու միջնորդությանը:

 

Նախորդ նիստի ընթացքում դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը Ավետիսյանների 5 հարևաններին դատակոչելու վերաբերյալ: Դատարանն այս միջնորդությունը մերժեց, փոխարենը բավարարեց փաստաբան Միհրան Պողոսյանի՝ 102-րդ ռազմաբազայի ծառայող Աշոտ Կարապետյանին դատակոչելու միջնորդությունը: Ըստ փաստաբանի՝ Աշոտ Կարապետյանը եղել է այն անձը, ով ոչ միայն մասնակցել է Պերմյակովի հետախուզման գործընթացին, այլ նաև առաջիններից է դեպքից հետո տեսել Պերմյակովին: Դատարանը« կարևոր համարելով վկ այի ցուցմունքը, բավարերեց այն: Նիստին միջնորդությամբ հանդես եկավ նաև պաշտպանական կողմը՝ պաշտպան Էդուրադ Աղաջանյանը դիմեց դատարանին գործով որոշ իրեղեն ապացույցներ գործից դուրս բերելու միջնորդությամբ: Դատավոր Հարություն Մովսիսյանն առաջարկեց այդ միջնորդությունը քննարկել խորհրդակցական սենյակում: