Ինչ խոսք՝ յուրաքանչյուր մանկահասակ երեխա էլ կարող է փաստել, որ պատգամավորի գործունեության թիվ մեկ իմաստն ու, առհասարակ, նման ներկայացուցչական պաշտոնի գոյության բուն նպատակը երկրում օրինաստեղծ գործունեությունն է: Բայց ինչպես սովորաբար է պատահում մեզանում, պատգամավորների պարագայում ևս շատ հաճախ ականատես ենք դառնում այն ամենի հակառակին, ինչ որ սահմաված է օրենքով. ասել կուզի՝ մեզանում բազում պատգամավորներ կան, որոնց՝ ՀՀ պարլամենտում գոյության իմաստն այդպես էլ մինչև վերջ անհասկանալի է մնում. այս մարդիկ, բացի օդը ծանրացնելուց ու ԱԺ շենքում հավելյալ մակերես զբաղեցնելուց, այլ բանի ընդունակ չեն: Ի դեպ՝ այդպիսիք կան ոչ միայն իշխող կուսակցության կազմում, այլև՝ նույն ԲՀԿ-ում, որը, ինչպես գիտեք, ընդդիմության համբավ ունի մեր քաղաքական դաշտում: Ահավասիկ նրանցից մեկը՝ Հարություն Ղարագյոզյանը կամ, ինչպես ժողովուրդն է նրան ճանաչում, «Կարամելի Հարութը»:

 

Այս երկար տարիների ընթացքում, ինչ նա երեսփոխան է աշխատում ՀՀ ԱԺ-ում, կարո՞ղ եք հիշել գեթ մեկ օրենք, որը մշակել ու խորհրդարանականների դատին է ներկայացրել այս մարդը: Իսկ միգուցե կարո՞ղ եք մտաբերել այնպիսի մի օր՝ ԱԺ առօրյայից, երբ նա իր ակտիվ մասնակցությունը բերած լինի որևիցե մի օրենքի քննարկմանն ու մի հնչյուն արտաբերի. եթե անգամ իսկ քրքրեք ԱԺ արխիվներն ու դիտեք ԱԺ բոլոր նիստերի տեսաձայնագրությունները, ամենայն պատասխանատվությամբ երաշխավորում ենք ձեզ՝ չեք կարող գտնել գեթ մի փաստ, որ ապացուցի՝ Ղարագյոզյանի գոյությունն ԱԺ-ում արդարացված է: Բայց հայտնի է, որ մեդալը, սովորաբար երկու երես է ունենում, ու եթե ինչ-որ բանի գոյությունը կարող է մեզ արդարացված չթվալ, ապա մեկ այլ կողմից նայելիս կարող ես համոզվել՝ ոչինչ այս աշխարհում անիմաստ չէ. այս ողջ ընթացքում, պարզվում է, Ղարագյոզյանը մեկ բանով էր ընդամենը զբաղվում՝ պաշտպանում էր սեփական ներդրումները սեփական հայրենիքում ու, ինչպես հիմա կհամքզվեք, նրա մոտ դա ամենևին էլ վատ չի ստացվում: Այսպես՝ ըստ Ղարագյոզյանի պաշտոնական հայտարարագրի՝ նրա դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 55 հազար դոլար և 32 մլն դրամ: Նշենք, որ պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 550 հազար դրամ: Բայց ահա պարզվում է, որ օրինակ՝ նույն Ղարգյոզյանի կնոջ՝ Շամրիկ Գաբրիելյանի դեպքում ամեն բան այդքան էլ մոխրագույն չէ, ու տիկինը լավ էլ փողեր է հասցրել վաստակել անցած տարվա ընթացքում ու պարարտացրել ամուսնուն. նրա դրամական միջոցներն անցած տարեսկզբին կազմել են370 մլն դրամ: Տիկինը տարեսկզբին ունեցել է նաև 40 հազար դոլար, որը տարեվերջին դարձել է՝ 850 հազար: Որպես եկամուտ հայտարարագրել է 12 մլն 900 հազար դրամի շահաբաժինը:


Այն, որ Հայաստանում վաղուց ընդունված պրակտիկա է սեփական փողերն ու անշարժ գույքն այլոց անունով ներկայացնելը, հանրահայտ է բոլորիս. չգիտես՝ ինչու, միգուցե հանրության ուշադրության կենտրոնում հավելյալ անգամ չհայտնվելու մղումից ելնելով՝ մեզանում շատ հարուստներ, ինչպես նույն Ղարագյոզյանը, նախընտրում են քողարկվել կանանց, զոքանչների, աներձագերի ու տատմերերի քողի տակ ու թաքցնել այն ահռելի ավարը, որ ստանում են նրանք ողջ տարվա ընթացքում: Հետաքրքիր է՝ եթե իրենց բիզնեսները մաքուր են, իսկ վաստակն էլ՝ արդար, ինչի՞ց են ամաչում մեր ամոթխածները, ինչպե՞ս կարելի է բացատրել սա. այո՛, միակ բացատրությունը հետևյալն է՝ «Կարամելի Հարութի» նմանների փողերն ամենևին էլ մաքուր չեն, իսկ ունեցած եկամուտների մեծագույն մասն էլ՝ զարտուղի:
Այսքանից հետո մեզ, պարզապես, մի հարց է հետաքրքրում՝ մի՞թե նման կերպ վարվողները՝ սեփական եկամուտները քողարկել նախընտրողներն, այնքան միամիտ են, որ կարծում են, թե այս փոքրիկ Հայաստանում հնարավոր բան է ինչ-որ բան թաքուն անելը. ասենք պետական բյուջե չմուծած հարկերի շնորհիվ մեկ տարվա ընթացքում միլիոնավոր դոլարների անձնական եկամուտ ստանալը կարող է թաքուն պահվել մեր ժողովրդից: Չէ՛, դժվար թե այդքան պարզամիտ լինեն, հատկապես որ հայտնի ասացվածք կա՝ հիմարը չի կարող հարուստ լինել…

 

Դավիթ Բաբանով