Կյանքում հաջողության հասնելու վերաբերյալ աշխարհում, թերևս, գոյություն ունեն բազմաթիվ ու այլազան բանաձևեր, վաղուց մշակված սխեմաներ ու հստակ կրիտերիաներ, որոնք նույնքան հին են, որքան մարդկությունն ինքնին: Դրանցից ամենատարածվածներն ուսումնասիրելիս գալիս ես այն եզրահանգմանը, որ մարդը, հասարակությունն ու պետությունը կարողանում են հաջողության հասնել ու առավելագույնս ինքնադրսևորվել միմիայն այն պարագայում, երբ սեփական կենսագործունեության հիմքում դնում են աշխատասիրությունը, սկզբունքայնությունն ու գիտելիքը, առանց որոնց հատկապես ժամանակակից աշխարհում որևիցե բանի հասնելը գործնականում անհնարին է: Բայց գլխավոր բանը, որ հասկանալի է դառնում համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում այն է, որ նույն այդ հաջողությունը որևիցե կերպ չի կարող կախված լինել այն բանից, թե ինչպես կանվանակոչես այս կամ այն իրը, երևույթը, պետական ծրագիրը կամ գոյը՝ առհասարակ:



Պարզվում է, սակայն, որ ՀՀ սփյուռքի նախարարությունում այս պարզ ճշմարտությունը մինչև հիմա ինչպես հարկն է չեն սերտել, ու այստեղ կարծում են, թե բառ փոխելով նախարարության գործունեության ասպարեզներում կարող են հասնել այնպիսի արդյունքների ու բարձունքների, որ անհնար է անգամ պատկերացնել. ասում են՝ Հրանուշ Հակոբյանը, ժպիտը շուրթերին, հավանության է արժանացրել առաջարկը՝ իրեն այլևս սպառած «Արի տուն» ծրագիրը վերանվանելու ու փոխարինելով «արի» բառը «եկուր» եզրույթով՝ անվանփոխելու այն «Եկուր տուն»-ի՝ հույսով, որ գոնե այս կերպ պետությանը կհաջողվի դիպչել սփյուռքահայերի հոգու նուրբ լարերին ու դրսում բնակվող գրեթե 8 մլն հայերը, ծրագրի անվանումն ընթերցելուն պես, կթողնեն իրենց դրսի խաղաղ, բարեկեցիկ կյանքն ու գլխապատառ կշտապեն հայրենիք՝ շենացնելու պապերի երկիր Հայաստանը:



Այս՝ այլևս մարազմատիկ դարձած «Արի տուն» ծրագրի մասին, թերևս, խոսվել ու գրվել է շատ անգամներ, ու ասպարեզում բազում են փաստարկված վերլուծություններն այն մասին, որ որևիցե նմնատիպ ծրագիր, եթե դրա հիմքում չկա ոչ մի լուրջ նյութատեխնիկական բազա ու պարարտ հող, չի կարող որևիցե սպասված արդյունքի հանգեցնել. սփյուռքահայերի՝ Հայաստանի հետ կապվածության հարցն ավելի շատ կապված է մեր պետության բնույթի, քան անիմաստ շոուներ հիշեցնող ինչ-որ ծրագրերի հետ, ու նույն մոսկվայաբնակը կամ փարիզաբնակը երբեք չի գալու այստեղ ապրելու միայն այն բանի համար, որ «արի»-ն Հրանուշ Հակոբյանը փոխարինում է «եկուր»-ով. առաջին հերթին հաշվի է առնելու այն կենսապայմանները, որ կան մեր երկրում (դրանք, ինչպես հասկանում եք, լավագույններից չեն աշխարհում):



Հարցը, թե որքանով է արդարացված Հարնուշ Հակոբյանի ֆիրմային հայտնագործության՝ «Արի տուն» ծրագրի հետագա գոյության իմաստն ու դրա վրա տարեկան 100 միլիոն ՀՀ դրամի վատնումը,կթողնենք յուրաքանչյուրիդ դատին՝ վստահ լինելով, որ եթե այդ գումարները ուղղվեին Հայաստանում բնակություն հաստատած նույն սիրիահայերի կենցաղային պայմանները բարելավելուն ու նրանց կյանքն այստեղ տանելի դարձնելուն, արդյունքները շատ ավելի դրական կլինեին, քան ունենք «Արի տուն» ծրագրի դեպքում. սա՝ անխոս…



Դավիթ Բաբանով