Ճիշտ է, տվյալ գործով բռնվել է ընդամենը մեկը, բայց այս դեպքը և, ընդհանրապես, մեր երկրում առկա իրավիճակը հուշում են, որ նա ընդամենը բռնվածն է, իսկ նրա գործընկերների շարքերում կան մաքսանենգությունը և կաշառակերությունը սիրելի զբաղմունք դարձրած բազմաթիվ ուրիշներ, որոնք դեռ չեն բռնվել և երևի չբռնվեն էլ, քանի դեռ Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքարի փոխարեն, կոռուպցիայի դեմ պայքարի երևութականություն է:

 

 

Ժամանակն է, վաղուց ժամանակն է բոլոր մաքսավորների, ինչպես նաև հարկային տեսուչների, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ համապատասխան աշխատակիցների (անկախ նրանից' բարձրաստիճան կամ ղեկավար պաշտոնյաներ են նրանք, թե ոչ) գույքը, եկամուտներն ու ծախսերը հայտարարագրելու, համապատասխան օրենքում համապատասխան լրացումներ կատարելու: Եթե ՀՀ կառավարությունում իսկապես մտադրություն ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա հենց այդպես էլ կվարվեն, այսինքն' համապատասխան օրենքի նախագիծ կներկայացնեն Ազգային ժողով, իսկ եթե ոչ, թող չփորձեն թոզ փչել հասարակության աչքերին, թե պայքարում են կոռուպցիայի դեմ կամ խստացնում են այդ պայքարը:

 

 

Այս կապակցությամբ ինչ-որ առարկությո՞ւն ունեն պարոնայք Հովիկ Աբրահամյանը և Դավիթ Հարությունյանը, եթե այո, խնդրեմ, թող հայտնեն այդ առարկությունը…

 

 

 

Ապա նայեք բոլոր մաքսավորների, հարկային տեսուչների, ԴԱՀԿ համապատասխան աշխատակիցների պաշտոնապես երևացող եկամուտների չափերին և դրանք համեմատեք նրանց կատարած ծախսերի, նրանց ունեցած ու ձեռք բերվող գույքի հետ: Թանկարժեք ավտոմեքենաներ, բնակարաններ և առանձնատներ, արտասահմանյան ուղևորություններ և այլն, և այլն… Եթե ոչ գրեթե բոլորի, ապա մեծ մասի մոտ ահռելի տարբերություններ կհայտնաբերեք: Ի՞նչ է' բոլորն իրենց տատի կամ պապի ոսկիների շնորհի՞վ են այդ ամենը ձեռք բերել, բոլորը գործարար, մեծահարուստ հայր, որդի կամ եղբա՞ր ունեն, ինչպես, օրինակ, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը… Հուսով եմ' չեն պատճառաբանի, թե «շեֆի» օրինակը վարակիչ է եղել իրենց համար:

 

 

Իսկ հիմա' մաքսանենգության (և ոչ միայն) բուն դեպքի մասին, որի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Աշոտ Գևորգյանն աշխատելով որպես ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» մաքսակետի բաժանմունքի մաքսային տեսուչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, մաքսային կետում իրականացնելով ապրանքների, տրանսպորտային միջոցների և անձի զննման, համապատասխան մաքսային ձևակերպումներից հետո բացթողման, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրության կազմման լիազորություններ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մաքսանենգություն: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Ա. Գևորգյանը, Ջհանգիր Ապրեսյանի, Տիգրան Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի, Տիգրան Գինոսյանի, Կարեն Մկրտումյանի, Արտեմ Ավետիսյանի, Ժորա Ասլանյանի, Արթուր Ոսկանյանի, Ալբերտ Ներսիսյանի, Մարատ Սաֆարյանի, Միխաիլ Դանելիայի և Բադրի Գումբերիձեի հետ նախնական համաձայնությամբ, 2013թ. դեկտեմբերից մինչև 2014թ. փետրվարի 3-ը ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 10 դեպքով ՀՀ մաքսային սահմանով առանց մաքսային հսկողության տեղափոխել է խոշոր չափերով ապրանքներ:

 

 

Բացի վերը նշվածից, համաձայն քր. գործի նյութերի, Ա. Գևորգյանը նույն ժամանակահատվածում անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 3 դեպքով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Ալբերտ Ներսիսյանին այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախնական համաձայնության է եկել «Ակլեռ» ՍՊԸ փաստացի սեփականատեր Տիգրան Գինոսյանի հետ և վերջինիս միջոցով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» բաժանմունքի մաքսային տեսուչ Ա. Գևորգյանի հետ' մաքսանենգությամբ ապրանքներ Հայաստանի տարածք տեղափոխելու վերաբերյալ:

 

 

Տվյալ գործով քրեական պատասխանատվության է կանչվել նաև Տիգրան Գինոսյանը: Վերջինս, ըստ մեղադրական եզրակացության, 2013թ նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում նախնական համաձայնության է եկել «Ակլեռ» ՍՊԸ տնօրեն Ա. Ներսիսյանի հետ և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» բաժանմունքի մաքսային տեսուչ Ա. Գևորգյանի հետ' Հայաստանի տարածք մաքսանենգությամբ ապրանքներ տեղափոխելու վերաբերյալ: Այնուհետև պայմանավորվածություն է ձեռք բերել կահույքի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր Ս. Հովհաննիսյանի հետ' նրա կողմից Չինաստանից ներմուծվող 17 150 կգ ընդհանուր քաշով, 10 912 326 դրամին համարժեք 26 740 ԱՄՆ դոլար արժողության կահույքը փաստացի իր կողմից ղեկավարվող «Ակլեռ» ՍՊԸ անվամբ առավել շահավետ եղանակով մաքսազերծելու և համապատասխան գնման ակտով Ս. Հովհաննիսյանին հանձնելու համար, ինչի դիմաց Ս. Հովհաննիսյանից 2014թ. հունվարի սկզբներին պահանջել և ստացել է 17 000 ԱՄՆ դոլար:

 

 

Վերը նշված արարքների համար Աշոտ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի («Մաքսանենգությունը») 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 4-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 3-րդ կետի, Ալբերտ Ներսիսյանին' 38-215-րդ հոդվածի (մաքսանենգության կազմակերպումը) 3-րդ մասի 1-ին կետի, Տիգրան Գինոսյանին' 38-215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 312-րդ հոդվածի («Կաշառք տալը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Բնականաբար, հարց է առաջանում' եթե Ա. Գևորգյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 10 դեպքով ՀՀ մաքսային սահմանով առանց մաքսային հսկողության (մաքսանենգությամբ) տեղափոխել է խոշոր չափերով ապրանքներ, ինչո՞ւ նրան մեղադրանք չի առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»):

 

 

Արթուր Հովհաննիսյան