Մեր իշխանությունների չափից դուրս ընդգծվող պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մի կողմից բավականին ոգևորիչ է, բայց մյուս կողմից' մի տեսակ մարդու հավատ չի գալիս, որովհետև նախկինում ձայն չկար, իսկ հիմա միանգամից բոլորը որոշել են վերջ տալ անարդարություններին: Եվ այդ հարցում իշխանական թիմի ներկայացուցիչները չեն զլանում հերթով իրենց վճռականությունը հայտնելու: ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ է գտնում, որ բոլոր այն չինովնիկները, որոնք մսխում են պետական բյուջեն, պետք է պատժվեն:

 

 

Սա, իհարկե, շատ լավ ցանկություն է, մանավանդ եթե այն գոնե որոշ չափով վերածվի իրականության: Բայց արդյո՞ք այդ բյուջեն մսխող չինովնիկների մեջ կմտնեն Կարինե Աճեմյանի թիմակիցներից, կամ եթե նույնիսկ մի քանիսը մտնեն, արդյո՞ք դրանց շարքում կլինեն խոշոր չափով մսխողներից, թե՞ մի քանի մանր ու միջին չինովնիկներ կպատժվեն բոլորի փոխարեն և հետո նորից կշարունակվի բյուջեի մսխումը:

 

 

Ցավոք, դառը փորձը մեզ սովորեցնում է, որ գեղեցիկ խոսքերը միշտ չէ, որ վեր են ածվում իրական կամքի դրսևորման, իսկ գեղեցիկ, մանավանդ' պաթետիկ խոսքերի պակաս մենք երբևէ չենք ունեցել, դրա փոխարեն միշտ զգալի է եղել կոնկրետ գործողությունների և քայլերի պակասը: Այնպես որ ցանկալի կլիներ ավելորդ պաթոսի փոխարեն մոտ ապագայում ականատես լինել մի շարք ոչ միայն մանր ու միջին, այլ նաև' խոշոր չինովնիկների, այդ թվում' իշխանական թիմի անդամ չինովնիկների պատժին, արդյունքում' միջոցների տնտեսման և մարդկանց կյանքի պայմանների նկատելի բարելավման:

 

 

Արդյունքը այն է, ինչ ի վերջո պետք է տեսնենք կամ չտեսնենք և ի վերջո պարզ կդառնա' այս բարեփոխումները իրակա՞ն են, թե՞ սա պաթոսի հերթական չափաբաժինն է:

 


Կարեն Վարդանյան