Արդեն 2-րդ անգամ անցկացվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անվան դուքենդոյի ավանդական մրցաշարը։ Բացման արարողության ժամանակ ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը կարևորեց ԵԿՄ-ի և ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի դերը Արցախյան ազատամարտում և այս տարվա ապրիլյան պատերազմում։ Մրցաշարի անցկացման կապակցությամբ զորավար Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքն ընթերցեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը։

 

ԵԿմ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը զորավար մանվել Գրիգորյանի անվան դուքենդոյի ավանդական մրցաշարի բացման կապակցությամբ: 


«Հարգելի՛ ներկաներ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս դուքենդոյի ավանդական մրցաշարի բացման կապակցությամբ։

 

Երկրապահը մշտապես կարևորել է ֆիզկուլտուրայի և սպորտի նշանակությունը։ Հայտնի ճշմարտություն է՝ առողջ մարմնում է առողջ հոգի։ Հենց այդ գիտակցումով էլ՝ մենք պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման ծրագրերում առանձնահատուկ տեղ ենք հատկացնում սպորտին, առողջ ապրելակերպին՝ գործակցելով տարբեր մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների հետ։

 

Դուքենդո ֆեդերացիայի հետ մեր գործակցությունն ամուր հիմքերի վրա է։ Այս ֆեդերացիայում ընդգրկված առավել քան 8 000 հայ մարզիկներից շատերը պաշտոնապես էլ ԵԿՄ անդամ են։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ բորորդ եք երկրապահ։ Ի դեպ, թե՛ 1989-94-ի Արցախյան պատերազմում, թե՛ այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին մեզ հետ առաջնագծում եղել են բազում սպորտսմեններ։

 

Ես հատուկ ողջունում եմ դուքենդո մարզաձևի հիմնադիր և համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին, ով կարողացել է մեր ազգային առանձնահատկությունների և աշխարհում գոյություն ունեցող մարտարվեստների տարբեր տեսակների լավագույն ավանդույթների համադրմամբ այս ինքնատիպ մարզաձևն ստանալ։ Նաև այդ կերպ է մեր ազգը, մեր հայրենիքը ներկայանում աշխարհին։

 

Քանի որ այս մրցաշարն անցկացվում է մեր հաղթանակների մայիս ամսին, օգտվելով առիթից, ես ևս անգամ շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա, Շուշիի ազատագրման, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա, Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրվա, ինչպես նաև՝ Հանրապետության օրվա և 1918-ի մայիսյան հերոսամարտերի տարեդարձերի կապակցությամբ։

 

Հաջողություններ մեր մարզիկներին և բարի երթ մրցաշարին»։