Բաքվի Զաբրաթ ավանում վերջերս ավերել և թալանել են ռուսական գերեզմանոցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' haqqin.az լրատվական կայքին հայտնել է Ելենա Լյուբոմիրովան:

 

 

«Այցելեցի Զաբրաթի ռուսական գերեզմանոց, իսկ այնտեղ դարձյալ ավերվել եւ թալանվել են գերեզմանները: Առաջին անգամը չէ, որ բախվում եմ նման վանդալիզմի, սակայն, երբեք ոչ մի տեղ չեմ դիմել, ինքս իմ ուժերով բարձրացրել եմ տվել իմ հանգուցյալ հարազատների տապալված խաչերը, գերեզմանաքարերը...

 

 

Բայց, ինչպես երևում է, այդ անմարդկային դաժանությանը վերջ չկա: Գերեզմանոցի տնօրենն իր ուժերով ի վիճակի չէ պայքարել գազանների դեմ, իսկ ոստիկանությունից ոչ մի օգնություն չկա: Մի՞թե սա վերջ չի ունենալու»,- դժգոհել է նա' նշելով, որ մի՞թե ժամանակակից մարդիկ ամբողջությամբ մոռացել են բոլոր կրոններում հանգուցյալներին հարգելու մասին հորդորները, որոնց գերեզմանների անարգանքը համարվում է սրբապղծություն և մեծ մեղք:

 

 

Կայքի խմբագրություն հղած նամակում ռուս կինը հիշեցրել է, որ այն մարդիկ, որոնց գերեզմանաքարերը գազանաբար հանվել են հողից, ավերվել, թալանվել և գողացվել են, ժամանակին մեծ ներդրում են ունեցել Ադրբեջանի կյանքում:

 

 

«Տատիկս Ադրբեջանի վաստակավոր մանկաբույժ է, պապս' Բեռլին հասած և ամբողջ կյանքում նավթահանքերում աշխատած նավթագործ: Նրանք թաղված են այդ գերեզմանոցում: Մի՞թե նրանք արժանի չեն հանգիստ հանգչելու այնտեղ: Ովքե՞ր են ծնում այն գազաններին, որոնք պղծում են նրանց գերեզմանները»,- հարցնում է Լյուբոմիրովան և ինքն էլ համոզմունք հայտնում. «Իմ կարծիքով, դրանք այն պատասխանատու մարմիններն են, որոնք աչք են փակում այդ ամբողջ սարսափի վրա»:

 

 

Բաքվի ռուս բնակչուհին ադրբեջանական իշխանություններից խնդրում է իրենց պահպանության տակ առնել Բաքվի բոլոր քրիստոնեական գերեզմանոցները:

 

 

Կայքը փաստեր է բերում այն մասին, որ Բաքվի բոլոր գերեզմանոցներում գերեզմանների վաճառքով զբաղվող խմբեր կան, որոնք կենտրոնական թաղամասերում ավերում են հիմնականում քրիստոնյաների գերեզմանները, այդ տեղերը խոշոր գնով վաճառելու համար:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ Բաքվի իշխանությունների որոշումով հայկական գերեզմանոցի միջով ավտոմայրուղի անցկացնելու համար մոտ 50 մ լայնությամբ հողին են հավասարեցվել հայերի գերեզմանները: