Մինչ դաշնակցական նախարարներն աշխարհին ու նախևառաջ իրենք իրենց փորձում են համոզել, որ դաշնակցության' հանրապետականների հետ կոալիցիա կազմելով մեր պետական կառավրման համակարգում դրական փոփոխություններն ու առաջընթացն անխուսափելի են լինելու, ու իբր հավատարիմ գաղափարախոսական սկզբունքներին' դաշնակցական նախարարներն անում են ամեն բան' կարգավորելու իրենց ոլորտներում կուտակված խնդիրները, հետզհետե պարզ է դառնում, սակայն, որ առանձնակի հույսեր կապելն այս ամենի հետ չարժի, իսկ վերոհիշյալ նախարարների կեցվածքն էլ ընդամենը մի թույլ փորձ է' ժողովրդի աչքին կուսակցության երեսը պարզ անելու:



Կրթության ոլորտում տարիներ ի վեր կուտակված պրոբլեմների, համակարգային' գրեթե փտախտի վերածված խնդիրների մասին, թերևս, գիտի յուրաքանչյուրն, ով կյանքի բերումով առնչություն է ունեցել այս ոլորտի հետ. կոռուպցիա, կաշառակերություն, թերամշակված գործիքակազմեր, գրեթե անպիտան դարձած հանրակրթություն: Այս ամենը, սակայն, մի նվազ մասն է այն հիմնախնդիրների, որ պատել են մեր կրթության ոլոտն ու խեղդում են այն ներսից. պակաս էական դեր չեն խաղում այն բոլոր պրոբլեմները,որ ոլորտ են թափանցել արտաքին աշխարհից: Մասնավորապես'մինչև հիմա այդպես էլ անպատասխան է մնում հարցը, թե ինչու պետք է ընտրություններին, որոնք, համաձայնե՛ք, մեզանում բավական հաճախակի բնույթ են կրում, իշխող վարչակարգը ուսուցիչներին, տնօրեններին, ոլորտի այլ աշխատակիցներին ծառայեցնի իր վերարտադրության գործին, ու ուսուցիչը, ստիպված կամ կամովին, լծվի ոչ միայն հանրակրթական օջախներում իշխանությունների պրոպագանդայի գործին, այլև, ինչպես պրակտիկան է բազմիցս փաստել, ընտրակեղծարարությամբ զբաղվի, իսկ բռնվելուց էլ ազատվի ինչ-որ սիմվոլիկ տուգանքներ մուծելով կամ նկատողությամբ:



Ամենևին էլ չցանկանալով որևէ մեկին տեսնել ճաղերի հետևում'վստահ ենք, սակայն, որ նման պարագայում պետք է առնվազը հարցականի տակ դրվի տվյալ անհատի մանկավարժությամբ զբաղվելու նպատակահարմարաությունն, ու բոլորին պարզ դառա, որ կեղծարարությամբ զբաղվողը չի կարող ինչպես հարկն է մատաղ սերունդ դաստիարակել և որ նմանների տեղը ամենևին է դպրոցում չէ: Մեր խորին համոզմամբ, օրինակ, Լևոն Մկրտչյանը, նախքան ուսուցիչներին համապատասխան ատեստավորման ենթարկելու պրակտիկան չեզոքացնելը, պետք է դա աներ, պետք է սկսեր մշակել հստակ մեխանիզմներ' ապագայում կանխելու վերոհիշյալ երևույթի հավանականությունը. ոչինչ էլ այս առումով չի արվում ու դժվար էլ արվի, քանի որ պարզից էլ պարզ է, որ չես կարող դեմ գնալ այն համակարգին, որը ծնել, սնել ու կյանք է տվել քեզ:



Բայց խնդիրներին խորքային լուծում տալու, դպրոցներում կոռուպցիա ծնող արատավոր երևույթների դեմ պայքարելու փոխարեն, որոնցից մեկն, օրինակ, դպրոցական համազգեստի համար ծնողներից փող պոկելն է, Մկրտչյանն ակնհայտորեն նախընտրում է գնալ մեկ այլ'ավելի հեշտ ճանապարհով' շոու բեմադրելով ու Աշոտյանի սխալները բարձրաձայնելու ճանապարհով ինքնահաստատվելու:Հասկացանք, որ վերջինս առանձնապես մի «բարի պտուղ» չէր, բայց պետք է Մկրտչյանին պարզ լինի' մեկի «բարի պտուղ» չլինելն ամենևին էլ չի երաշխավորում նրա հաջորդի ասենք անմահական ծիրան լինելու փաստը. համաձայնե՛ք' բոլորը «նույն ծառի պտուղներն են»' դառն ու անհամ…



 Դավիթ Բաբանով