Զարգացած շուկայական տնտեսությամբ երկրներում հաջողակ բիզնեսմեն դառնալու ճանապարհն ու այդ նպատակով մշակած բանաձևերը, թերևս, հայտնի են բոլորին. աշխատասիրություն, ժուժկալություն, պետության հետ թափանցիկ հարաբերություններ ու մի փոքր լավ վերաբերմունք աշխատակիցների հանդեպ:


Ինչ վերաբերում է զարգացող երկրներին, որոնց թվին է դասվում և մեր երկիրը, ապա պետք է ասել, որ սրանցում բիզնես գործունեություն ծավալող անձանց հաջողության բանաձևը միանգամայն այլ տեսք ու ձևակերպում ունի. ժլատություն, պետությունից իրական եկամուտների կոծկում, աշխատավորների իրավունքների ոտնահարում: Համաձայնե՛ք, երբ ուսումնասիրում ես Հայաստանում հաջողակ գործարարի համբավ ունեցող մի քանիսի անցած ու ներկա ուղին, համոզվում ես՝ որքան էլ կարող է ցավալի հնչել, բայց Հայաստանը դեռ բավական երկար ճանապարհ ունի անցնելու՝ դասվելու համար աշխարհի քաղաքակիրթ երկրների շարքին ու համարվելու մի պետություն, ուր, այնուամենայնիվ, հնարավոր է բացառապես ազնիվ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ բիզնես դաշտում հասնել համապատասխան ձեռքբերումների:


Ըստ համապատասխան տեղեկությունների՝ հայտնի գործարար Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) գործերը հատկապես վերջին ժամանակներս այնքան էլ լավ չեն ընթանում. տևական ժամանակ է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության ներկայացուցիչները ստուգումներ են իրականացնում «ՍԱՍ գրուպում», ինչի հետևանքով բավական լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված ընկերությունում աշխատակիցների մեծ մասի աշխատավարձերն ուշանում են, իրական է դառնում կրճատումների վտանգը:

 

Եթե փորձենք տրամաբանել ու պատճառահետևանքային կապ գտնել Սարգսյանի գործերի վատացման ու հարկայինի անակնկալ հետաքրքրասիրության միջև, ապա աներկբայորեն կհանգենք այն մտքին, որԱրտակ Սարգսյանի՝ այսքան ժամանակ ունեցած բիզնես հաջողությունների հիմքում ընկած է եղել ընդամենը մեկ բան՝ իրական երկամուտների կոծկումը պետությունից:


Հակառակ պարագայում՝ անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է հարկային ստուգումները փաստացի կրակի առաջ կանգնեցնեին «ՍԱՍ գրուպ»-ը, ինչո՞ւ պետք է ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվի մի ընկերություն, որն, ինչպես ենթադրվում էր նախապես, պետք է որ սեփական գործունեության հիմքում դրած լիներ բարեխղճությունն ու օրենքի տառին համապատասխանող գործելաոճը…

 

Փաստ է՝ մեր երկրում ոմանց դիզած միլիոններն ու անհատակ ունեցվածքն արդյունք են ոչ թե նրանց ունեցած բիզնես տաղանդի ու բնատուր շնորհների, այլ՝ հասարակ ժուլիկության, որի համար նորմալ երկրներում նրանց պարզապես կմեկուսացնեին հասարակությունից ու կունեզրկեին օրենքի պահանջին համապատասխան ընթացակարգով: Ցավոք, Հայաստանը դեռևս շատ հեռու է արևմտյան չափանիշներից ու Եվրոպական երկրներին հատուկ սկզբունքայնությունից, որպեսզի գոնե կարողանայինք հուսալ, որ տեսանելի ապագայում հնարավոր կլիներ այս ուղղությամբ ինչ-որ դրական տեղաշարժ գրանցել ու էապես բացառել այն բոլոր բացասական երևույթների գոյությունն ապագայում, որ բնութագրական են մեր երկրին տասնյակ տարիներ ի վեր. դրա համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք ու ճիշտ մշակած գործիքակազմեր, որոնց գոյությունը, մեր իրականության պայմաններում, մեղմ ասած, այնքան էլ տեսանելի չէ… 


Դավիթ Բաբանով