Մենաշնորհը բոլոր դեպքերում չէ, որ բացասական երևույթ է, և կան ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի, որ հանդուրժում է մենաշնորհը. որքան էլ տարօրինակ է, բայց այս խոսքերի հեղինակը Էկոնոմիկայի արդեն ոչ այնքան նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն է, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը և հիշեցման կարգով ասեմ, որ ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որը «հակամենաշնորհային քաղաքականությունը միշտ համարել է մեր երկրում ամենաարդյունավետը, որը պետք է կիրառվի»: Ի դեպ, վերջին մեջբերածս խոսքերն էլ Արծվիկ Մինասյանին են պատկանում, որոնք նա ասել է մեկ այլ հարցազրույցի ժամանակ մայիսի 18-ին, նաև շեշտել է, որ ինքը մենաշնորհի դեմ պայքարի թիվ մեկ ջատագովներից է:

 

Հիմա 10-12 օրվա ընթացքում ի՞նչ տեղի ունեցավ մարդու հետ, որ արդեն ասում է, թե պետությունը պետք է հանդուրժի մենաշնորհը, այսինքն՝ փաստացի մենաշնորհն օրինականացնելու առաջարկով է հանդես գալիս և ամենակարևորը՝ նախարարը բացահայտ ցույց է տալիս, որ դրական է վերաբերվում գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից երկրում ստեղծած «շաքարի մենաշնորհին»:

 

Ես համոզված եմ, որ Արծվիկ Մինասյանի որդեգրած նոր մտածելակերպը շատ ողջունելի կլինի տեղական մի շարք օլիգարխների կողմից, ովքեր հարստանում են հենց մենաշնորհներ ստեղծելով և բազմաթիվ այլ գործարարների «օդերը փակելով», Մինասյանը կդառնա օլիգարխների սիրելին, չէ՞ որ այս պահին նրանց շահերից է խոսում:

 

Կարեն Վարդանյան