Վերջին օրերին շատ է քննարկվել Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի վերադարձի հարցը և այդ քննարկումների մեջ գերիշխող կարծիքը այն է, որ Սամվել Բաբայանը վերադարձել է քաղաքական նպատակներով և որ անպայման կտեղավորվի քոչարյանական ճամբարում, այսինքն ավելի պարզ ասած' Քոչարյանի մարդն է, որը եկել է օգնելու ՀՀ-ում' Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությանը, իսկ Արցախում' «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցությանը: Եթե այս վարկածները համապատասխանում են իրականությանը, ապա տրամաբանորեն Սամվել Բաբայանի վերադարձը պետք է որ ամենաշատը դուր չգա Հայաստանի և Արցախի իշխող քաղաքական թիմերին: Սակայն ՀՀԿ-ի դեպքում այդ նույնը չէի ասի, որովհետև Հայաստանի իշխող կուսակցության դիրքորոշումն այդ հարցում առայժմ անհասկանալի է, նույնիսկ, ես կասեի' տարօրինակ:

 

 

Կուսակցության որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ողջունում են Բայանի վերադարձը. օրինակ, պատգամավոր Մկրտիչ Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե ոչ մի վատ բան չկա Սամվել Բաբայանի' հանուն հայրենիքի ներդրում ունենալու ցանկության մեջ, ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ հայտարարել է, թե Բաբայանի վերադարձը պետք է ուղղված լինի հայ ժողովրդի միավորմանը, միայն թե թե չի նշել' ու՞մ շուրջը միավորվելու մասին է խոսքը:

 

 

Խնդիրը հենց նրանում է, որ դատելով վերջին զարգացումներից' կարելի է ասել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականություն վերադառնալու հստակ նպատակ ունի և Վարդան Օսկանյանի կողմից' «Համախմբում» կուսակցության ստեղծումը պատահական չէր, ըստ իս' այն ստեղծվեց, որպեսզի համախմբի շատերին Ռոբերտ Քոչարյանի շուրջը: Նախորդ ձախողված փորձից (ԲՀԿ) հետո և այդ ձախողումից դաս քաղած Քոչարյանն այս անգամ պետք է որ ավելի լավ պատրաստված լինի և ավելի լավ կազմակերպի վերադարձի իր ծրագիրը, ուստի Սամվել Բաբայանի նման գործչին ասպարեզ նետելը լիովին տրամաբանության մեջ է: Տրամաբանության մեջ կլիներ նաև ՀՀԿ-ականների ոչ դրական վերաբերմունքը, քանի որ Քոչարյանի վերադարձը առաջին հերթին ձեռնտու չէ հենց նրանց, ինչը կարծես թե չի նկատվում ՀՀԿ-ականների հայտարարություններում:

 

 

Այսինքն, կամ իշխող կուսակցությունը չի կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը և ամբողջությամբ ըմբռնել երկրորդ նախագահի ստրատեգիան, կամ էլ իրականում ամեն ինչ լավ հասկանում են, սակայն խնդիր առերես նման բարյացակամ վերաբերմունք ցույց տալու:

 

 

Կարեն Վարդանյան