Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ցնցումները կարծես միտք չունեն հանդարտվելու: Հիմա էլ պարզվում է՝ ռուսները մի նոր հիմնավորում են գտել՝ հայերիս իբր փաստելու, որ չնայած մենք մեր անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը տեսնում ենք բացառապես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններում, սակայն շարունակում ենք անել բաներ, որոնք այնքան էլ դուր չեն գալիս Մոսկվային ու իբր չեն համապատասխանում հայ-ռուսական բարեկամության ոգուն:

 

 

Այսպես՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն, անդրադառնալով Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացմանը, բառացիորեն ասել է հետևյալը. «Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը վկայում է հայ հասարակությունում որոշ հզոր ուժերի առկայության մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը գերմանական նացիզմի գլխավոր հաղթողն է։ Կոլաբորացիոնիստական զորքերի ստեղծումը, որոնք ծառայել են ֆաշիստական Գերմանիային, հրեշավոր հանցագործություն է, և Երևանի նման արարքը դուրս է գալիս բոլոր ընդունելի ձևաչափերից։ Դա պետք է պահանջի Ռուսաստանի վճռական արձագանքը՝ նացիստական կոլաբորացիոնիստների հերոսացումը դադարեցնելու պահանջով: Սեփական պատմության տարբեր փուլերի հաշտեցման փորձերում պետք է գոյություն ունենա բանականություն, պատմության նման շրջաններն ու անձերին պետք չէ ներառել ընդհանուր համատեքստ, այլ հակառակը՝ բացառել դրական շարքից։ Հայաստանի ղեկավարությունը դրանով իսկ իրեն դրեց Լատվիայի, Էստոնիայի և ներկայիս Ուկրաինայի ղեկավարության հետ մեկ շարքում, որոնք փառաբանում են նացիստ կոլաբորացիոնիստներին»:



Այն, որ Ռուսաստանի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը հաճախ ստիպում է Մոսկվային փնտրել վտանգներ, գտնել թշնամիներ այնտեղ, ուր դրանց ստվերն իսկ չի կարող լինել, փաստում է հատկապես վերջին շրջանի կրեմլյան քաղաքականությունը: Ռուսաստանը հետզհետե սկսում է նմանվել անկյուն քշված արջի, որը, չիմանալով՝ ինչպես հաղթահարել իր առաջ ծառացած փորձությունները, սկսում է անտեղի մռնչալ, շուրջբոլորը ջարդուփշուր անել և այլն:Իսկ հիմա հարց՝Մարկովին՝ այդ երբվանի՞ց Նժդեհը դարձավ Ռուսաստանի թշնամին, այդ երբվանի՞ց ժամանակակից Ռուսաստանը իրեն սկսեց նույնացնել հրեշավոր բոլշևիզմի հետ: Եթե կոմունիզմն ու բոլշևիզմն այդքան քաղցր էին ռուսների համար, ապա ինչո՞ւ առաջինը հենց նրանք ապստամբեցին այդ կամիր ժանտախտի դեմ ու Ելցինի գլխավորությամբ տապալեցին Խորհրդային Միությունը, մեզ Մարկովը կարո՞ղ է պատասխանել:



Մի՞թե Մարկովը չգիտի, որ Նժդեհին խորհրդային իշխանությունների կողմից ներկայացրած մեղադրանքները, թե իբր նա ֆաշիստ է, լկտի ու արգահատելի սուտ է եղել, կեղծ մեղադրանք, որ նպատակ ուներ ազգային հանրապետություններում՝ մասնավորապես՝ Հայաստանում ճնշել ազգային ինքնագիտակցությունն ու նպաստել խորհրդային անիծյալ համահարթեցման քաղաքականությանը: Իսկ եթե Մարկովը տեղյակ չէ Նժդեհի՝ հայերիս համար ունեցած արժեքի մասին, ապա նրան կցանկանանք տեղեկացնել, որ հայ ժողովուրդը հենց Գարեգին Նժդեհին է պարտական նեկայիս Զանգեզուրի՝ ՀՀ կազմում լինելու համար: Այս ողջ պատմության մեջ, սակայն, ուշագրավ է մնում մեկ հագամանք՝ Հայաստանին համեմատելը Ուկրաինայի, Լատվիայի, Էստոնիայի հետ, ինչը չի կարող մեզ չանհանգստացնել. այնպիսի տպավորություն է, թե ոմանք, տարված «ձվի մեջ մազ որոնելու» մոլուցքով, փորձում են հայերիս վրա «կեղտ բռնել» ու այդպիսով արդարացնել իրենց թերացումները դաշնակցային պարտականությունների կատարման հարցում: Ինչո՞ւ է այդպես. պատասխանը գտեք ինքներդ…



Դավիթ Բաբանով