Մեր երկրում համայնքների խոշորացման գործընթացը հետզհետե թևակոխում է առավել վճռորոշ փուլ, ինչը, բանից պարզվում է, այնքան էլ չի ուրախացրել համայնաբնակ մեր քաղաքացիներին. առաջիկայում խոշորացման ճանապարհով են գնալու Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքները։ Ինչպես հայտնի է դառնում ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության կողմից տարածած տեղեկատվությունից, առաջիկայում նախատեսվում է 116 համայնք միավորել տասներեքի մեջ, ինչը, ըստ Դավիթ Լոքյանի ղեկավարած նախարարության հավաստիացումների, ունենալու է բացառապես դրական նշանակություն թե՛ համայնքների կառավարման օպերատիվության ու էֆեկտիվության առումով, թե՛ հասարակ քաղաքացիներին հուզոխ հարցերի լուծման: Բայց երբ փորձում ես ուսումնասիրել խնդրի էությունն ու հասկանալ՝ արդյոք կառավարության բերած հիմնավորումները հավաստի՞ են թե՞, ինչպես սովորաբար է մեզանում պատահում, դրանք կրում են բացառապես քարոզչական բնույթ, հասկանում ես, որ ամեն բան այնքան էլ վարդագույն չէ, ինչպես ներկայացնում է նույն տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունն, ու այդ ամենում կան այնպիսի թաքնված վտանգներ, որ պատկերացնելն իսկ սարսափելի է. ըստ որոշ փորձագետների, օրինակ, հարցն այս անգամ առնչվում է երկրի ազգային անվտանգությանն, ու բնավ էլ արդարացված չէ կառավարության ոգևորությունը՝ կյանքի կոչելու պիլոտային այս ծրագիրը, որի ֆինանսավորման աղբյուրներն, իրականում, օտարերկրյա են:



Սկսած կենցաղային հարցերից ու վերջացրած սոցիալ-տնտեսականներով՝ համայնքների խոշորացման ծրագիրն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում, քանի որ, ինչպես վկայում են մի շարք հեղինակավոր մասնագետներ ու հարցին խորքից տիրապետողներ, մեր երկրում այդ ամենի համար բավարար տնտեսական պայմաններ ու հիմքեր չկան, ու թեպետ աշխարհի մի շարք երկրներում, նույն Արևմուտքում համայքների խոշորացումը արդարացված է ու արդյունավետ, բայց քանի որ Հայաստանում համայնքները գտնվում են հիմնականում սոցիալապես անբավարար պայմաններում, ու խնդիրներն առանձին վերցրած բնակավայրերում բավական բազմազան են, ուստի՝ տարբեր խնդիրներ, էթնիկական կազմ ու տեղական ավանդույթներ ունեցող մեր համայքների խոշորացումը կհանգեցնի բոլոր այն խնդիրների սրմանը, որոնք ներկայումս բնութագրական են դրանց. ստացվում է՝ հարց լուծելու փոխարեն հարցը բարդացնում ենք: Ավելին՝ ասպարեզում առկա են բավական լուրջ փաստարկներ առ այն, որ համայնքների խոշորացմամբ ժողովուրդն է՛լ ավելի է օտարվելու սեփական իշխանություններից, համայնքներում ներդրումների հնարավորությունները նվազելու են մի քանի անգամ, առաջացնելու է միանգամայն իրական վտանգ՝ դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիայի, որ կարող է հանգեցնել հատկապես սահմանամերձ բնակավայրերի ամայացմանը:



Ինչպես կարելի է տենսել վերոշարադրյալից, Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը, որքան էլ Դավիթ Լոքյանն այն փորձի ներկայացնել որպես առաջընթաց՝մեր երկրի պետական կառավարման համակարգում, իսկական պատուհասի է վերածվելու բոլորիս գլխին, ու կուլ գնալով արտաքին ճնշումներին՝ մենք փաստացի մեր ձեռքով քանդելու ենք մեր երկիրը: Բայց մի՞թե, կներե՛ք, այս ամենը հետաքրքրում է Դավիթ Լոքյանին, ով վերջապես կարողացել է հասնել իր կյանքի ամենաերանելի բաղձանքին ու կոալիցիոն կառավարության շրջանակներում ստանձնել է նման պատասխանատու ու յուղոտ պաշտոն: Մի՞թե նա պետք է ապստամբի այս հայրենադավ ծրագրի դեմ, մի՞թե պետք է նրա սրտում արթնանա իսկական դաշնակցականի ըմբոստ ոգին ու ձեռնոց նետի անարդարությանը, ոչ՝ իհարկե. ռոմանտիզմի դարաշրջանը վաղուց ավարտվել է, հիմա պրագմատիզմն է իշխողը՝ փողի տրամաբանությունից բխած…



Դավիթ Բաբանով