Բոլորովին վերջերս էր' բանակում զինծառայողը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով ինքնաձիգից կրակել ու սպանել էր ծառայակցին: Բայց ախր երեխա չի եղել, որ չհասկանա, չիմանա ինչ բան է զենքը, ինչ չի կարելի անել, ինչպես չպետք է վարվել զենքի հետ: Բայց, այնուհանդերձ, տեղի է ունեցել անուղղելին: Բնականաբար, հարց է առաջանում' ինչի՞ հետևանք է դիմացինի հանդեպ այս անուշադրությունը, ավելի ճիշտ, հանցավոր անփութությունը: Իսկ եթե իսկապես չի իմացել զենքի հետ վարվելու կանոնները, ապա ինչո՞ւ բավարար ուշադրություն չի դարձվում դպրոցներում նախնական զինվորական պատրաստությանը:

 

 

Քաղաքացիական կյանքում էլ, ցավոք, քիչ չեն այսպիսի դեպքերը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Անտոնյանը 2015թ. մարտի 11-ին, ժամը 17:30-ի սահմաններում իր հետ վերցնելով ԻԺ-54 մոդելի, Ա-2554 համարի երկփողանի հրացանը, Ա. Հարությունյանի, Մ. Համբարձումյանի ու Հ. Ասատրյանի հետ Ա. Հարությունյանի վարած ավտոմեքենայով գնացել են Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղին հարող տարածք' թռչնի որս կատարելու: Ա. Անտոնյանը նստած լինելով մեքենայի առջևի ուղևորի նստատեղին, ըստ մեղադրական եզրակացության, վերոնշյալ հրացանը լիցքավորելու ընթացքում անզգուշությամբ, հանցավոր անփութությամբ, հրազենի փողն ուղղել է նույն ավտոմեքենայի ետևի նստատեղի աջ կողմում նստած Միշա Համբարձումյանի վրա, լիցքավորել է այն որսորդական փամփուշտներով: Փամփշտանոցը փակելու ընթացքում տեղի է ունեցել կրակոց, փամփշտային մանրագնդակները դիպել են Մ. Համբարձումյանին, որը ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

 

 

Վերը նշված արարքի համար Արթուր Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի («Անզգուշությամբ մահ պատճառելը») 1-ին մասի հատկանիշով, որպես խափանման միջոց կիրառվել է գրավը: