Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի, այսօր Նախագահի նստավայրում տրվել է պետական ընդունելություն:

 

 

Արարողակարգի համաձայն, պետական ընթրիքի ժամանակ երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են Չեխիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև Չեխիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

 

 

«Հայտնի փաստ է, որ կայուն և երկարաժամկետ միջպետական հարաբերությունների հիմքում փոխադարձ հարգանքն է և ժողովուրդների միջև բարեկամության ավանդույթները, որ ձեռք են բերվում նաև հումանիտար, մշակութային, կրթական կապերի զարգացման և ամրապնդման ճանապարհով:

 

 

Այս համատեքստում հաճույքով ցանկանում եմ նշել Կարլովի համալսարանում հայագիտական առարկաների դասավանդման վերականգնումը: Վստահ եմ, որ այն թույլ կտա չեխ երիտասարդությանն առնչվել հայկական մշակույթին, ինչպես նաև ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին և նրա ավանդույթները:

 

 

Ինչպես ասել է հայտնի չեխ մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կամենսկին՝ «Դպրոցը մարդկության դարբնոցն է»: Հայ ժողովուրդն ավելի քան գիտակցում է այս բառերի բովանդակության խորությունը, քանի որ գոյության հարյուրամյակների ընթացքում մեկ անգամ չէ կյանքը վտանգի ենթարկել՝ փրկելով արժեքավոր ձեռագրեր, որպեսզի դրանց միջոցով սովորեցնի, զարգացնի հետագա սերունդներին: Հուսով եմ, որ հայ ուսանողներն էլ շուտով հնարավորություն կունենան առնչվել չեխերենի հետ:

 

 

Չեխերենն ուսումնասիրելու և չեխական մշակույթը ճանաչելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գիտեն և սիրում են չեխ ժողովրդի մեծ զավակներին՝ Գաշեկին, Կաֆկային, Դվորժակին, Սմետանային և այլոց, որոնց անմահ ստեղծագործությունները շարունակում են հիացնել և դաստիարակել մարդկության նորանոր սերունդների: Եվ զարմանալի չէ, որ հայերի համար Չեխիան և հատկապես՝ Պրահան միշտ եղել է զբոսաշրջության սիրելի ուղղություններից մեկը»,-իր բաժակաճառում ասել է ՀՀ Նախագահը:

 

 

Խոսքի ավարտին Սերժ Սարգսյանը մեջբերել է չեխ գրող Միլան Կունդերայի խոսքերը. «Ընկերությունը մարդուն հարկավոր է նրա համար, որպեսզի նրա հիշողությունն ինչպես հարկն է աշխատի: Հիշել իր անցյալը, մշտապես պահել այն հոգում՝ դա է անհրաժեշտ պայմանը, որ թույլ է տալիս, ինչպես ասում են, պահպանել մեր «ես»-ի ամբողջականությունը»: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այս վեհ խոսքերը կարելի է վերագրել նաև հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամությանը և հիշողությանը, որն ամուր հարաբերությունների լավագույն հիմքն է:

 

 

Փոխադարձ բաժակաճառում Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը բաժակ է բարձրացրել Հայաստանի երջանիկ ապագայի համար և նշել, թե կցանկանար մտորել այն հարցի շուրջ, որը միավորում է Հայաստանը և Չեխիան: «Այսօր ճաշից հետո մի չեխ երիտասարդ լրագրող, ով ոչ բավականաչափ կյանքի փորձ ունի, ինձ հարցրեց, թե որտե՞ղ է ավարտվում ցեղասպանության սահմանը: Ես նրան պատասխանեցի՝ իմ երիտասարդ ընկեր, ես մեկ օրինակ եմ բերում՝ Եվրոպայում Համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում, գազային խցերում և այլն սպանվել է 6 մլն հրեա, բայց մի քանի հազար, հնարավոր է մի քանի տասնյակ հազար մնացել են: Եվ դուք ուզում եք ասել, որ դա ցեղասպանություն չէ՞, քանի որ մի քանի հազար մարդ մնացե՞լ է: Նույն բանը վերաբերում է հայ ժողովրդի ցեղասպանությանը: Որոշ մարդիկ ասում են՝ որոշները մնացել են, դա ցեղասպանություն չէ: Իսկական անհեթեթություն: Ես ուզում եմ ասել, որ մեզ միավորում է ճակատագիրը, քանի որ իմ ժողովուրդը դատապարտված կլիներ ցեղասպանության՝ նացիստական Գերմանիայի կողմից Համաշխարհային պատերազմում հաղթանակի դեպքում»,-ասել է Չեխիայի Նախագահը, ընդգծելով, որ նրանք, ովքեր ժխտում են այդ ցեղասպանությունը, հենց նրանք են, ովքեր ժխտում են հոլոքոստը: Նախագահ Զեմանը շեշտել է, որ մարդիկ, ովքեր դա ժխտում են, պարզապես վախկոտներ են: «Ես երբեք, պարո՛ն Նախագահ, սիրալիր քաղաքական գործիչ չեմ եղել: Նրանք պարզապես վախկոտներ են: Խոսում են մարդու իրավունքների մասին. որոշ մարդկանց համար մարդու ամենագլխավոր իրավունքը ցույց անելն է կառավարության դեմ: Իմ դեմ էլ են ցույց արել, այլ գործիչների դեմ էլ, դա նորմալ է: Բայց դա մարդու ամենագլխավոր իրավունքը չէ: Մարդու ամենագլխավոր իրավունքը՝ կյանքի իրավունքն է: Եվ բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ իրավունքը, ոչ մի իրավունք չո ւնեն խոսել մարդու այլ իրավունքների մասին: Ես ցանկանում եմ բաժակ բարձրացնել կյանքի իրավունքի համար»,-ՀՀ Նախագահի նստավայրում պետական ընդունելության ժամանակ ասել է Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը: