Հայաստանը Քուվեյթում նոր դեսպան ունի. Մանվել Բադեյանն է, ով մեր հասարակությանն ավելի շատ ծանոթ է որպես ՀՀԿ նվիրյալ ու «Եվրոստան ույուտ»-ի սեփականատեր: Մանվել Բադեյանին հայ հասարակությունը ծանոթ է բավական տևական ժամանակ. ծագումով գավառցի այս երեսփոխանը Աժ-ում իր գործունեությունը սկսել է 1999-ից:


Նախ «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակում էր ընդգրկված, ապա արդեն Հանրապետական կուսակցության ընտրացուցակներով մշտապես հաջողացրել է պատգամավոր դառնալ: Թե հատկապես որն էր Բադեյանին Քուվեյթում նման պատասխանատու առաքելության ուղարկելու բուն պատճառը, անկեղծ ասած, այդքան էլ մինչև վերջ հասկանալի չէ: Հարցի պատասխանը, թերևս թաքնված է այն իրականության մութ անկյուններում, որում մենք ապրում ենք. ոչ միշտ է, որ այս կամ այն անձին պաշտոնի նշանակելիս հաշվի են առնվում նրա կրթական ցենզն ու համապատասխան մասնագիտական կարողություններն, ու ասենք նույն տնտեսագետը, ինչպիսին հանդիսանում է Մանվել Բադեյանը, մեծ հաջողությամբ գործուղղվում է օտար երկիր՝ ներկայացնելու մի ողջ ժողովրդի այն պարագայում, երբ նույնիսկ այդ երկրի լեզուն չի տիրապետում:

 

Դեսպանի աշխատանքի կարևորագույն ասպեկտներից մեկն էլ համապատասխան լեզվով շփվել կարողանալն է, որի շնորհիվ նա, որպես մարդ ու մի ողջ երկրի ներկայացուցիչ, ընկալելի է դառնում այն երկրում, ուր ներկայացնում է սեփական պետությունը. տեսնես Մանվել Բադեյանը արաբերեն երկու խոսք կարողանո՞ւմ է իրար կապել… Ամենևին էլ չի բացառվում, սակայն, որ այս սուղ ժամանակներում, երբ երկրի ֆինանսական ռեսուրսների առյուծի բաժինը հիմնականում ուղղվում է զենք-զինամթերքի ձեռքբերմանը, Բադեյանի նշանակումը պայմանավորված լինի նրա՝ բավական ունևոր մարդ լինելու հանգամանքով: Ամենայն հավանականությամբ, պետական բյուջեով նախատեսված մի շարք ծախսեր Բադեյանը խոստացել է հընթացս Քուվեյթում վերցնել իր վրա. ասենք հոգալ երկու երկրների նախագահների փոխայցերի կազմակերպման, տեղի փոքրաթիվ հայկական համայնքին հուզող խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսերը և այլն: Համաձայնե՛ք՝ամենևին էլ բացառված չէ այս տարբերակը, մանավանդ, երբ հաշվի ես առնում Հայաստանի պետական ապարատում վարվող կադրային քաղաքականության այն նյուանսները, որոնք էլ հենց ընկած են ոչ արդյունավետ կառավարման համակարգ ունենալու հիմքում:

 

Այսքանից հետո կարելի է վստահ լինել՝ միջազգայնագետներն, արևելագետներն ու քաղաքագետները կարող են այլևս սեփական գլուխները չծանրաբեռնել ու ավելորդ անգամ չտարվել երազներով, թե մի օր էլ իրենց կրթական ցենզը կգնահատեն պետական այրերն ու որպես մասնագետների, որոնք կրթությամբ համապատասխանում են դեսպանի բարձր պաշտոնին, կբարեհաճեն նկատել ու համապատասխան պաշտոնի նշանակել. երևում է՝ վերոհիշյալ մասնագիտություններն այլևս պահանջված չեն մեր երկրում, իսկ դեսպանի պաշտոնն էլ ընկալվում է ընդամենը որպես մարդկանց պատվավոր աքսորի ուղարկելու բացառիկ գործիք. խեր լինի…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ