Ադրբեջանի իրավապահ մարմինները սկսել են ճնշում գործադրել հայտնի բլոգեր եւ լրագրող, Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի աշխատակից Հաբիբ Մունթազիրի՝ Բաքվում գտնվող հարազատների նկատմամբ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մունթազիրը «Թուրան»-ին հայտնել է, որ երեկ եւ այսօր քաղաքացիական հագուստով անձինք Բաքվում այցելել են իր հարզատներին եւ սկսել ճնշում գործադրել' պահանջելով, որպեսզի ինքը դադարեցնի «խայտառակել Ադրբեջանի նախագահին»:

 

 

«Նրանք իրենց հետ տարել են իմ հորեղբոր որդիներին եւ մի քանի ժամ պահել անհայտ վայրում' ճնշում գործադրելով, որպեսզի ես դադարեցնեմ քննադատել պետության ղեկավարին:

 

 

Այսօր տարել են իմ երկու հորեղբայրներին եւ մինչ այժմ բաց չեն թողել: Ընդ որում, իրավապահները, որոնք չեն ներկայացել, գրանցել են իմ բոլոր հարազատների կոորդինատներն ու տվյալները», -ասել է բլոգերը:

 

 

Հաբիբ Մունթեզիրը համոզված է, որ այդ ճնշման պատճառը հանդիսանում է մի քանի օր առաջ Բեռլինում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի գրասենյակի առաջ իր ակցիան, որտեղ տեղի էր ունենում նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

 

 

Շենքից Ալիեւի դուրս գալու ժամանակ Մունթեզիրը Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով մի քանի անգամ լոզունգներ է բացականչել:

 

 

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն' ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան: