Բոլորին է հայտնի, որ Հայաստանի պետական կառավարման համակարգի մի մասնիկը դառնալն ու աշխատանք գտնելը հեշտ բան չէ. անհատից տիտանական ջանքեր են պահանջվում՝ կարողանալու դառնալ պետական չինովնիկ կամ դրա պես մի բան: Սովորաբար ընդունված է կարծել, որ երկու հիմնական ճանապարհ կա, որոնք կարող են մարդուն տանել-հասցնել բաղձալի աթոռին՝ լինել իշխանական կուսակցության հավատարիմ անդամներից մեկը կամ հանդիսանալ անդամն այն կուսակցության, որը կոալիցիոն դաշինքի մեջ է իշխողների հետ:

 

Սերգո Երիցյանի անհատական հաջողության ու ստացված կյանքի բանաձևը, ըստ էության, վերջին տարբերակի օգնությամբ կյանքում ինքնառեալիզացվելու փայլուն օրինակցներից մեկը կարելի է համարել, երբ, մարդը, ժամանակին մաս կազմելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՕԵԿ-ին, վերցրեց ԿԳ նախարարի պաշտոնն ու այդպես էլ դուրս չեկավ պետական համակարգից՝ չնայած ամեն ինչին. հիմա էլ, ինչպես հայտնի է, ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության ղեկավարն է:


Հարցը, թե այս բավական տևական ժամանակահատվածի ընթացքում Երիցյանն ինչ է արել հայոց լեզվի անաղարտությունը պահպանելու, այն օտարաբանություններից հնարավորինս մաքրելու, հանրային շրջանակներում հայերենի հեղինակությունը բարձր պահելու ուղղությամբ, թերևս, կթողնենք յուրաքանչյուրիդ հայեցողությանը՝ փաստելով, սակայն, որ բոլոր անաչառ վերլուծությունները ցույց են տալիս՝ որևիցե էական տեղաշարժ Երիցյանի կառավարման տարիներին ոլորտում տեղի չի ունեցել. ինչպես շարունակում էին աղավաղել ոսկեղենիկը, այնպես էլ շարունակում են:

 

Լեզվի տեսչությունը, թերևս, բավարարվում է միայն օտարաբանությունների՝ ժամանակ առ ժամանակ իրեն հատուկ ոճով հայերեն թարգմանություններով հանդես գալն ու նոր մեռելածին բառերին ծնունդ տալը, որոնք, բացի ծիծաղից, ոչ մի այլ էմոցիա չեն արթնացնում՝ այդպես էլ չկարողանալով մխրճվել մարդկանց լեքսիկոնի մեջ:


Պարզվում է՝ փոխարենը վերանայելու սեփական գերատեսչության աշխատանքային սկզբունքներն ու անելու ամեն բան՝ բարձրացնելու դրա գործունեության արդյունավետությունը, Սերգո Երիցյանի գլուխը արդեն տևական ժամանակ է, ինչ զբաղված է մեկ բանով. սեփական եսի կերակրմանը միտված քայլեր է պլանավորում ու ամեն գնով փորձում ինքն իրեն ինչ-որ բան ապացուցել. ասում են՝ Երիցյանը ջանք չի խնայում, որպեսզի տեսչությունը հանվի նախարարության կազմից և դառնա ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական կոմիտե' դրանով բարձրացնելով սեփական կարգավիճակը:


Կարելի է ենթադրել, որ Երիցյանի՝ այս ուղղությամբ գործադրվող ջանքերի աշխուժացումը պայմանավորված է ԿԳ նոր նախարարի նշանակմամբ. Երիցյանը չի ցանկանում մտնել Լևոն Մկրտչյանի թեևի տակ ու այդպիսով ստորադասել սեփական անձը նախարարին. չէ՞ որ ինքն էլ է նախարար՝ ճիշտ է՝ նախկին:


Երիցյանի հետ կապված այս պատմությունն իրականում մի բանի մասին է վկայում՝ մեր չինովնիկները կամ չինովնիկանմանները կյանքում մեկ նպատակ են հետապնդում՝ բավարարել անձնական ամբիցիաներն ու, թեկուզ ի հաշիվ պետության ու դրա քաղաքացիների, իրենց զգալ փոքրիկ իշխանիկներ՝ իբր օժտված անսահմանափակ իշխանությամբ. արդյունքում՝ ժանգոտած կառավարման համակարգ, խեղված արժեքների գերի դարձած հասարակություն…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ