Այս դժգույն կյանքում, երբ առօրյա հոգսերից ցրվելուն նպաստող շատ քիչ բան է մնացել ապրողներիս, դժվար է հրաժարվել տրագիկոմեդիկ ելույթներ ունկնդրելուց: Եվ ահա, երեկ երեկոն իր մեծ արձագանք գտած ելույթով հետաքրքիր դարձրեց դեռևս ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

 


Ուղղակի զարմանում ես` մի՞թե մասնագիտությամբ թատերագետը կարող է այդչափ իրար խառնվել տեսանկարահանող սարքերի առաջ հայտնվելիս: Եվ այսպես`նա մի քանի ուշագրավ հայտարարություններ հեղինակեց: Ես նկատի չունեմ Նիկոլ Փաշինյանին «ճղճղացող բան» անվանելը: Նրանք անցյալ ունեն, իսկ ես մատի ու մատանու արանքը մտնելու սովորություն չունեմ...
Բանն այն է, որ այս տիկինը երբեք չի կարողանում իրեն չհակասել: Նրա ոչ մի ելույթն իր ղեկավարած կուսակցությանն օգուտ չի տվել: Չգիտեմ` իր ցաքուցրիվ գնահատականներով նա ում բոստանը քարկոծեց, բայց հաստատ իր ղեկավարած կառույցին ոչնչով չօգնեց...

 


Համ ասում է` «այս իշխանությունը հանրային վստահության զրոյական ցուցանիշ ունի», համ էլ ասում է, թե քանի որ «բարձրագույն պաշտոնատար անձինք` որպես երկրի համար մտածող պաշտոնյաներ, փորձում են լավ բան անել (նկատի ունի կոռուպցիայի դեմ պայքարը), ուստի մենք հավատում ենք իրենց...»: Ինքներդ դատեք, թե ինչի համար է այս «մանևրը»...
Ասում է` ժողովրդին խաբել հնարավոր չէ, հետո պաթոսով պատմում, որ «գնացել ենք ժողովրդից ներողություն ենք խնդրել, որ «իրենց խաբել ենք...»: Մանկապարտե՞զ է, թե` ինչ... Կարծում եմ` Աճառյանի բացատրական բառարանը ճանկռելու կարիք չկա` հասկանալու «խաբել» բառի իմաստը: Փաստորեն, տիկինը հրապարակավ խոստովանում է, որ մեկը հենց ինքը գիտակցաբար մոլորեցրել, շեղել է ընտրազանգվածին:

 


Ասում է` «իր վիճակի մեջ գլխավոր մեղավորը հանրությունն է», որը քվեարկել է իշխանությունների օգտին, հետո հավաստիացնում է, որ իրենք հաղթելու են սեպտեմբերյան ՏԻՄ և գալիք ապրիլյան ԱԺ ընտրություններում: Հարց է առաջանում, թե եթե ընտրազանգվածը նույնն է, ընտրության չափորոշիչները` ևս, այդ ինչի վրա ես վստահ, որ այս անգամ հաղթելու ես:
Ասում է` իրական ընդդիմությունն այն չէ, որ իշխանափոխություն է ուզում, ձեռքի հետ էլ ասում է` «մենք էլ ենք իշխանափոխություն ակնկալում, բայց ոչ անմիջապես»:
Բայց ամենազավեշտալին տիկնոջ այլ խոստովանություններն էին...
Նկատի չունեմ միայն այն, որ նա զարմանալի հանդնգնությամբ խոստովանեց, որ երկրի համար կարևոր օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում ԲՀԿ խմկացությունում ինքը ոչ միայն ազդեցոթյուն չունի, այլև որպես փոքրամասնություն, չի էլ մասնակցում քբվերակություններին... Կներեք` սա նույնն է, որ ընտանիքի ղեկավարը պարծենա, թե իրենց տանն այն աստիճան դեմոկրատիա է տիրում, որ յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով... բա հետո՞...

 


Նա հաճույքով ներքաշվեց Սաթիկ Սեյրանյանի ծուղակը, երբ, փոխանակ ասելու, որ իր քարոզած (բայց անձամբ չքվեարկած) Սահմանադրության համաձայն` կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանը, փոխանակ վեր կանգնելու զուտ բարեգործի երբեմնի «պիտակից», հպարտ-հպարտ պնդում է, թե «ԲՀԿ-ն հիմա էլ փողի խնդիր չունի...», և «խմբակցության հարուստ պատգամավորները ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ հոգում են նրանց կենցաղային հոգսերը»: Նա կարծես ամեն ինչ անում է, որ ԲՀԿ-ն վերջնականապես ընկալվի ոչ թե որպես քաղաքական գործոն, այլ Բարի Հարուստների Կազմակերպություն...
Գիտեմ, որ տիկին Զոհրաբյանը խորհուրդներ չի սիրում, բայց նա ոչ թե պետք է ժողովրդից ներողություն խնդրի նրան խաբելու համար (նման մեղքերը չեն ներվում), այլ ԲՀԿ հիմնադիր նախագահից ու բհկ-ականներից, քանզի օր օրի թուլացնոմ է այդ երբեմնի հզոր կուսակցությունը, իր անմեկին պահվածքով նոսրացնում նրա կուռ շարքերը...

 


Այսքանից հետո, հետաքրքիր է, թե ընդամենը 3 օր անց, 16.06.2016թ.-ն, ժամը 13:15-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տիկին Զոհրաբյանն ինչպես է ապացուցելու իմ կողմից կուսակցությունը վարկաբեկելու` իր մեղադրանքը, երբ ինքը, մահակն առած, անխնա ջարդուփշուր է անում իրեն ճանաչելի դարձրած միակ կառույցը...