Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի կրոնական ժողովը հայտարարություն է հրապարակել այն հակազդեցությունների վերաբերյալ, որոնք ծագել են Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առնչությամբ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղած նամակից հետո: «Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռն իր պատմության ընթացքում ջանացել է բարյացակամ հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև առավելագույն ջանքերն է գործադրել' չանտեսելու երկրի հանրային կարծիքի զգայություններն այն նյութերի առնչությամբ, որոնք հետաքրքրում են երկրի հանրությանը»,- նշված է հայտարարության մեջ:

 

Կրոնական ժողովը հունիսի 13-ին ունեցած նիստի արդյունքներով հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ հին ավանդույթների համաձայն' իրենք կարծիք չեն հայտնում քաղաքական և իրավական հարցերի շուրջ: Համայնքի անունից խոսելու պարտականությունը ստանձնում է աթոռակալ սրբազան պատրիարքը: Բայց քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, այդ պարտականությունը ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

 

«Սույն պարտականության գիտակցությամբ և համայնքային հաստատությունների մի շարք վարիչների ու առաջատար բարերարների ներկայացրած պահանջին ընդառաջելով' նա գրի է առել նամակը Գերմանիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ: Սրբազան հայրը հետևել է Աթոռին ծառայած նախկին Աթոռակալ պատրիարքների և բարձրաստիճան հոգևորականների օրինակին: Սակայն որպեսզի ապագայում ողջ պատասխանատվությունը չընկնի միայն Պատրիարքական Աթոռի վրա, ճիշտ ենք համարում, որ նման արտահայտությունները գրի առնվեն լայնանիստ խորհրդակցական հանդիպումներով' հաշվի առնելով որոշ զգայությունները:

 

Տխրությամբ ենք հետևում, թե ինչպես նամակի պարունակության մասին քննադատությունները, գերզգայունության պատճառով անցնելով քննադատության սահմանները, հասել են նախատինքի, սպառնալիքի և նվաստացման մակարդակի: Մեր համայնքի անդամներին հորդորում ենք ցուցաբերել խղճամիտ և սառնարյուն կեցվածք, ինչպես նաև գիտակցաբար մոտենան սույն նամակին' նկատի առնելով մեր երկրում տիրող քաղաքական ու ընկերային իրողությունները 100 տարի առաջ օսմանցի հայերի ենթարկված Մեծ եղեռնի կապակցությամբ»,- ասել են Պոլսո պատրիարքարանից:

 

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելուց հետո Պոլսի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակը էր ուղղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում ափսոսանք էր հայտնել Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշման համար և տեղեկացրել, թե Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այդ վիշտը։ Պոլսի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը մեծ արձագանք գտավ ու քննադատության արժանացավ: