Ցավոք, որքան էլ թմբկահարվի, թե Հայաստանը եվրոպական քաղաքակրթական արժեքների կրող է, ուր բոլորը միամյանց վերաբերվում են հարգանքով, ուր ազատ խոսքն ու անհատական կարծիքը երաշխավորված են օրենքով, ուր բոլորը միմյանց հետ խոսում են բացառապես ժպիտը դեմքներին ու «Դուք»-ով, փաստը մնում է փաստ, որնկարագրվածը գրեթե ոչ մի կերպ չի համապատասխանում այն իրականությանը, որում ապրում է ներկայիս հայաստանյան հասարկությունն, ու այդօրինակ պնդումներն ընդամենը բարի ցանկությունների ոլորտից են:


Մեր երկրում որոշ պաշտոնյաների շրջանում տիրող հոռի բարքերի, բազմաթիվ չինովնիկների շրջանում լայն տարածում ստացած անհարիր վարքուբարքի մասին, թերևս, խոսվել է շատ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան հասարակության այդ շերտի շատ ներկայացուցիչների հասարակական պահվածքը ոչ մի կերպ օրինակելի չես կարող համարել. նրանք անգամ միմյանց հետ շփվելու ձև չգիտեն, ուր թե՝ սովորական մարդկանց հետ:


Ահավասիկ ասվածի փայլուն ապացույցներից մեկը. բանից պարզվում է՝ օրեր առաջ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի գլխավորությամբ սկանդալային միջադեպը մարելու փոխարեն, հետզհետե թևակոխում է զարգացման մի նոր փուլ: Հիշեցնենք՝ օրեր առաջ խոսելով համայնքների խոշորացման թեմայով ու տեղեկանալով, որ իր ենթակայության տակ գտնվող Բարեկամավանի գյուղապետի անձնական կարծիքը չի համապատասխանում իր՝ այս հարցի շուրջ ունեցած տեսակետին, Աբովյանը գյուղապետին «դուռակ լակոտ» էր անվանել. արձագանքը չի ուշացել, ու բարեկամավանի գյուղապետը խոստացել է, տեղի ունեցածում համոզվելուն պես, համապատասխան կերպով արձագանքել մարզպետի վիրավորանքին. մի խոսքով՝ «բազառը» թևակոխում է իր զարգացման մի նոր, ավելի կրակոտ փուլ…


Այն, որ համայքների խոշորացման ծրագիրն ամենևին էլ կատարյալներից չէ, ու միանգամայն օբյեկտիվ են այն բոլոր մտահոգություններն ու առարկությունները, որ առկա են դաշտում՝ կապված դրա հետ, նորություն չէ: Բազմիցս ենք խոսել դրանում պարունակվող ռիսկերի, դրա հետևանքով մարզերում առկա բողոքների ու բնակչության շրջանում տարածում գտած տրտունջքների մասին: Ասել կուզի՝ գյուղապետի՝ այս վիճելի ծրագրի շուրջ ունեցած բացասական կարծիքն ամենևին էլ եզակիներից չէր: Հետևավաբար՝ հարց է առաջանում. ինչո՞ւմն է հատկապես կայանում գյուղապետի «դուռակությունը», մի՞թե մարզպետի կարծիքին հակառակ տեսակետ հնչեցնելը բավարար պայման է՝ մարդուն անձնական վիրավորանք հասցնելու համար, մի՞թե Աբովյան Հովիկն իրեն թագավոր է զգում տավուշցիների գլխին ու իրեն իրավունք վերապահում՝ մարդկանց ճիշտն ու սխալը բացատրելու…


Վստահ ենք, եթե նման միջադեպ գրացնվեր որևիցե քաղաքակիրթ երկրում, ապա դրա հեղինակը կա՛մ օրենքի ուժով կհարկադրվեր հրապարակայնորեն ներողություն խնդրել ու դեռ մի բան էլ ֆինանսապես փոխհատուցել տուժող կողմին, կա՛մ, առհասարակ, կպաշտոնազրկվեր: Բայց ինչպես ասում են, մի բան է Հայաստանը, և բոլորովին այլ բան դրան շրջապատող աշխարհը. այստեղ միանգամայն այլ բարքեր են իշխում՝ հակառակ ռացիոնալիզմի բոլոր սկզբունքներին…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ