Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի համոզմամբ, շատ կարևոր է մեր երկրում գիտության զարգացումը, որովհետև դրա արդյունքը հենց երկրի զարգացումն է լինելու:

 

«Դա միանշանակ է, որովհետև նայում ենք աշխարհի զարգացած պետություններին, տեսնում ենք` բոլորում գիտությունը բարձր մակարդակի է, և որտեղ գիտությունը բարձր մակարդակի է, այդ երկիրը նաև տնտեսապես հզոր երկիր է,- ասաց Արեգ Միքայելյանը:- Տեսեք` Մեքսիկան, Բրազիլիան ինչ ճանապարհ անցան, ես Բրազիլիայում էի, Բրազիլիայի գիտության նախարարը վեր կացավ, ասաց` մենք 30 տարի առաջ գիտություն չունեինք ընդհանրապես, զրո էր: Սկսեցին գիտության մեջ լուրջ գումարներ դնել, զարգացնել, հիմա Բրազիլիան արդեն բավական հզոր երկիր է դարձել, արդեն չես ասի հետամնաց պետություն է: Էլ չեմ ասում Հարավային Կորեայի կամ նման պետությունների մասին, որոնք մի քանի տասնյակ տարի առաջ իրոք հետամնաց երկրներ էին:

 

Հիմա հարաբերակցությունն աշխարհի փոխվելու է ըստ նրա, թե ով գիտության մեջ ինչքան կներդնի: Այլ բան է, որ մեր հասարակությունը, մեր ղեկավարությունը դա դեռ մինչև վերջ չեն հասկանում, իրենք ավելի շատ առևտրականի նման են մտածում, այսինքն` գումար դնեն, արդյունքն արագ ստանան և արագ վաճառեն, դիմացը գումար ստանան: Մանավանդ Հայաստանի համար, որը փոքր երկիր է, չունի հզոր արդյունաբերություն, չունի գյուղատնտեսություն, չունի այն հնարավորությունը, որ երբևիցե մրցակցի հզոր արդյունաբերական երկրների հետ, միակ ճանապարհը, միակ հաղթաթուղթը գիտությունն է»:

 

Արեգ Միքայելյանը վստահ է նաև, որ Հայաստանն ունի գիտական տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ:

 

«Գիտությունը զբոսաշրջիկներին հետաքրքիր է, մանավանդ զարգացած երկրներից եկած զբոսաշրջիկներին` եվրոպացիներին, ամերիկացիներին, ճապոնացիներին,- ասաց գիտնականը:- Իրենց մոտ գիտությունը շատ բարձր մակարդակի վրա է, շատ հարգի է, վարկանիշը բարձր է, և իրենց հաստատ կհետաքրքրեն այսպիսի փաթեթներ, որտեղ ներառված են գիտական հիմնարկներ: Նույնիսկ ամեն երկիր գնալով, չունեն այդ հնարավորությունը, որովհետև աշխարհի երկրների մեծ մասը գիտություն նույնիսկ չունի: Այսինքն` կարող է գնան հանգստանան մի տեղ, չլինի մի օբյեկտ, որ իրենց առաջարկեն և իրենք կարողանան գնալ տեսնել գիտական առումով հետաքրքիր ինչ-որ մի բան:
Կանարյան կղզիներում և Հավայան կղզիներում, որտեղ լավ կուրորտային տեղեր կան ու շատ հանգստացողներ, մարդկանց, որ հարցնում են` ո՞ւր արժի այցելել, առաջին հերթին ասում են` գնանք աստղադիտարան: Բոլորն այդ են ցանկանում, երբ որ նույնիսկ բարձր լեռնային պայմաններում, 4200 մետր բարձրության վրա է Հավայան կղզիների այդ աստղադիտարանը, մի տուրն էլ արժեր ամենաէժանը 200 դոլար, երբ որ մեծ խմբերով էինք գնում, իսկ անհատականների դեպքում' 800-1200 դոլար: Եվ գնում են մարդիկ, զանգվածաբար այցելություններ են կատարում: Նույնը` CERN-ում (Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն), միայն տեսնեք, թե զբոսաշրջիկների ինչ հոսք է, հարմար տեղ էլ չէ, որ շատ մարդ գնա, բայց հատուկ նստում են ավտոբուսներ, որ գնան, տեսնեն, մտնում են ներս, ընդամենը մի կտոր են տեսնում այդ արագացուցիչից, և իրենց պատմում են, բայց գնում են միայն նրա համար, որ գիտեն այդ արագացուցչի նշանավոր կառույց լինելու մասին»:

 

Հայաստանն ունի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, Հերունու ռադիո-օպտիկական աստղադիտակ, Ալիխանյանների գիտական կայան, Երևանի և Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտներ, Քարահունջի քարե աստղադիտարան, Մեծամորի հնագույն աստղադիտարան ու հնավայր, և այլն, և այլն… Զարգացած երկրների զբոսաշրջիկներին, իսկ ՀՀ եկող զբոսաշրջիկների մեծ մասը զարգացած երկրներից է գալիս, հաստատ կհետաքրքրի այս ամենը: Կարևորն այն է, որ Հայաստանում ներգնա զբոսաշրջությամբ զբաղվողները նախապես պայմանավորվելով գիտական հաստատությունների ղեկավարների հետ, մշակեն և զբոսաշրջիկներին առաջարկեն այս ամենը հանրամատչելի ձևով ներկայացնող որոշակի փաթեթներ, այցելություններ վերոնշյալ և նմանաբնույթ այլ վայրեր:

 

Արթուր Հովհաննիսյան