ՀՀ Հանրային խորհրդում հունիսի 21-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին Հանրային խորհրդից, որի հաղորդագրույան մեջ նաև նշված է. «Մինչ այդ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընգրկվել էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Սամվել Ճզմաչյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Արմեն Բալդրյանը և Հովհաննես Թադևոսյանը:

 

Քննարկման մասնակիցները բարձրացրել են Հարկային օրենսգրքի մի շարք դրույթների հետ կապված մտահոգություններ, քննարկել դրանց հնարավոր բացասական հետևանքները հարկային համակարգի, գործարար միջավայրի և ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման վրա: Եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման տեսանկյունից քննարկվել է մասնավորապես ՏՏ ոլորտի և բանկային համակարգի աշխատողների վրա հարկային բեռի ավելացման հարցը:

 

Խիստ մտահոգություն է առաջացրել նաև շրջանառության հարկի շեմի նվազումը, որը, ըստ ՀԽ անդամների, լուրջ վնաս կարող է հասցնել փոքր և միջին ձեռնարկատերերին' հանգեցնելով սոցիալական ծանր հետևանքների:

 

Քննարկվել են նաև շահաբաժինների հարկման, ամորտիզացիաների ժամկետների երկարաձգման, հարկային կանխատեսելի դաշտի բացակայության խնդիրները, ինչպես նաև օրենսգրքի գաղափարա-փիլիսոփայական կողմը: Ներկաները կարևորել են առհասարակ Հայաստանում հարկահավաքման ոլորտում նոր մոտեցումների ընդունման անհրաժեշտությունը' նկատելով, սակայն, որ այդ առումով Հարկային օրենսգրքի ընդունմամբ որևէ փոփոխություն տեղի չի ունենում, այլ ընդամենը թվերն են փոփոխվում' նոր սոցիալական լարվածության հեռանկարով:

 

Աշխատանքային խմբի անդամները պայմանավորվել են համապատասխան փաստաթուղթ մշակել, որը կներկայացվի Հանրային խորհրդի փոքր խորհրդի' հունիսի 23-ին տեղի ունենալիք նիստին, որից հետո Հանրային խորհրդում տեղի կունենա լայն քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, և այդ ամենի արդյունքում ձևավորված դիրքորոշումն ու առաջարկները կներկայացվեն ՀՀ նախագահին ու կառավարության ղեկավարին»: