ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղի ունեցած հանդիպումը ստեղծել է հոգեբանական բարենպաստ մթնոլորտ քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար: Այդ մասին հայտնում է Trend-ը:

 

Նրա խոսքով՝ հանդիպումից հետո չէր ակնկալվում հակամարտության կարգավորման մեջ բեկման ու գլոբալ փոփոխությունների գրանցում. «Հանդիպումն ամրագրեց մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված արդյունքները: Որոշվել է մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ընդհանուր առմամբ այն, որ հանդիպումը կայացել է, անկասկած, դրական փաստ է»:

 

Բրայզան նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր մասնակցությամբ ցանկանում է ամրագրել խաղաղարարի իր իմիջը և դրանով իսկ ազդել ԵՄ-ի վրա՝ կապված Ուկրաինայի ճգնաժամից հետո Ռուսաստանի վրա դրված պատժամիջոցների վերացման հետ. «Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հանդիպմանը կարելի է գնահատել դրական, քանի որ հանդիպումը վերջին հաշվով անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: