Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում Եվրոպական Միության անդամակցությունից դուրս գալու մասին հանրաքվեի անցկացումը ցույց է տալիս ԵՄ-ում ճգնաժամի խորությունը:

 

Ցիպրասն ասել է, որ անկախ արդյունքներից՝ հանրաքվեն «լուրջ հետևանքներ կունենա»: «Հնարավոր է, որ ԵՄ-ում հայտնվեն հատուկ կարգավիճակ ունեցող երկրներ»,- ավելացրել է Հունաստանի վարչապետը:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ դիմելով ԵԽԽՎ խորհրդարանականներին՝ նա կարևորել է փախստականների հետ կապված խնդիրները: Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին՝ նա ասել է, որ «արտաքին պարտք ունեցող երկրների վիճակը վատանում է»՝ ընդգծելով քաղաքացիների հասարակական իրավունքների պահպանումը:

 

Ցիպրասը հիշեցրել է, որ իր երկիրն ընդունել է միլիոնից ավելի փախստականների, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ, ծերեր ու խոցելի խմբեր են: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին, ՄԱԿ-ին և ՀԿ-ներին՝ փախստականների հարցում Հունաստանին աջակցելու համար: