Կառավարութան այսօրվա նիստի ժամանակ՝ Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնությամբ պայմանավորված, որոշում կայացվեց փոփոխություններ կատարել նոր ընտրական օրենգրքում:

 

Առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետևյալ դրույթները.

 

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում: Ընդ որում, տեսանկարահանումը պետք է իրականացվի Կառավարության սահմանած կարգով՝ մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից:

 

Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: Ամեն պարագայում տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սահմանված քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

 

Ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը: Այսպես, առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականցման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում, քաղաքացին համարվում է նույնականցման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ:

 

Առանց նույնականացման քարտի կարող են քվերակել զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկողները, քրեակատարողական հիմնարկում քվեարկողները, բժշկական հաստատությունում շրջիկ արկղով քվեարկողները: Այն դեպքերում, երբ անձը չի եղել Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված ժամկետում, չի ստացել նույնականացման քարտ և չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար, ապա նա կարող է մասնակցել ընտրություններինն' ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում:

 

Քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով' մատնահետքով: Այսպես' ընտրության օրը յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով: Ընտրողը ներմուծում է իր աջ կամ ձախ ձեռքի ցուցամատի մատնահետքը տեխնիկական սարքավորման մեջ: Եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի ճանաչման արդյունքում պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող և եթե մինչ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը: Եթե տեխնիկական սարքավորումը ընտրողի մատնահետքը չի ճանաչում, ապա ներմուծվում է մյուս ձեռքի ցուցամատի մատնահետքը, իսկ եթե այն ևս չի ճանաչվում, ապա ներմուծվում են այլ մատերի մատնահետքերը:

 

Մատնահետքերի ներմուծումը կրկնվում է հինգ անգամ: Եթե այնուամենայնիվ որևէ մատնահետք չի ճանաչվում, ապա ընտրողի գրանցումն իրականցվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:Այդ դեպքում մասնագետը ստեղնաշարով ներմուծում է անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ: Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող և, եթե առ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան, և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:

 

Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է համապատասխան նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաև այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:

 

Եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան և մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ: Հարկ է նշել, որ անատոմիական առանձնահատկություններից ելնելով՝ մատնահետքը ստանալու անհնարինության դեպքում մատնահետքի ներմուծման քայլը բաց է թողնվում և կիրառվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցման վերաբերյալ նորմերը:

 

Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման՝ իրականացվում է զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկության, քրեակատարողական հիմնարկում քվեարկության, շրջիկ արկղով քվեարկության, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկության դեպքերում և տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում: Այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել տեխնիկական սարքավորման միջոցով գրանցում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց:

 

Ընտրողների ստորագրված ցուցակները արդյունավետ ստուգելը լիարժեք հասանելի դարձնելու համար ներդնել հետևյալ մեխանիզմը.

 

Գործող Ընտրական օրենսգիրքը ցուցակների լիարժեք ստուգումը իիրականացնելու համար նախատեսում է այն ընթացակարգը, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում, առանց ընտրական տեղամասի համարը նշելու, նշվում է տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընդ որում տեղեկանքի մեկական օրինակ ըստ պահանջի տրամադրվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձի:

 

Բացի դրանից, տեղեկանքի մեկ օրինակը սոսնձվում է առանձին թղթի վրա, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հնարավորություն է ընձեռվում լուսանկարելու այն: Առաջարկվող կարգավրումը վերոգրյալ մեխանիզմի հետ մեկտեղ ամրագրում է այն դրույթը, որ տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

 

Բացի դրանից Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ը կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը' ժամը 9.00-ից մինչև ժամը11.00-ը կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում՝ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

 

Դիմումի հետ պետք է ներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած պահանջներին բավարարող էլեկտրոնային կրիչ: Տարածքային ընտրական հանձնաժողովը մինչև քվեարկությունից հետո երկրորդ օրը' ժամը 12.00-ը վերադարձնում է կրիչը, որի վրա զետեղվում են դիմումում նշված ընտրական տեղամասերում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարները համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

 

Թեև Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ դիտորդների համար իրականացվող ստուգարքի նպատակը ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների և պարտականությունների իմացության ստուգումն է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հանել դիտորդի համար սահմանված ստուգարքի պահանջները:

 

Գործող Ընտրական օրենսգրքում, ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի, էականորոն վերնայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետներ: Սակայն, հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը, առաջարկվում է կրկին անդրադառնալ բողոքարկման ժամկետներին և ավելի երկարաձգել դրանք: