Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին բանակցությունները որոշակի խոստումներ են պարունակում: Հունիսի 20-ին կայացած հանդիպումից հետո տարածված պաշտոնական հայտարարությունում կոչ է արվում հակամարտության գոտում ավելացնել միջազգային դիտորդների թիվը և նշվում է, որ բանակցություններում ներգրավված բոլոր կողմերը բավարարված են գոյություն ունեցող հրադադարի համաձայնագրով:

 

Այնուամենայնիվ, չնայած դեպի խաղաղություն նման դիվանագիտական ձգտումներին, հակամարտության հիմքում ընկած խնդիրները չլուծված են մնում, գրում է Stratfor ամերիկյան հետախուզավերլուծական ընկերությունը:
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ապրիլին հակամարտության բռնկումից ի վեր հանդիպում էին երկրորդ անգամ: Մայիսին Վիեննայի հանդիպմանն արդեն ձեռք էր բերվել համաձայնություն՝ նվազեցնելու շփման գծի ողջ երկայնքով հրադադարի խախտումները: Այդ համաձայնագիրն արդյունավետ էր եղել, բայց Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շարունակում են սկզբունքորեն անհամաձայնության մեջ լինել հակամարտության վերաբերյալ: Մայիսի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ միասին կազմակերպեցին հունիսի 20-ի քննարկումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:

 

Այնուամենայնիվ, հանդիպումները չեն կանխագուշակում բեկում երկար շարունակվող անհամաձայնության հարցում: Չնայած առաջնորդների խաղաղ խոստումներին՝ Հայաստանը ցանկանում է պահպանել տարածքի նկատմամբ իր դեֆակտո քաղաքական վերահսկողությունը, մինչդեռ Ադրբեջանը ցանկանում է վիճարկել դա: Ապրիլին այս մոռացված վեճը վերակենդանացնելով՝ Ադրբեջանը կրկին աշխարհի ուշադրության կենտրոն բերեց: Չնայած վերսկսված կռվի արդյունքում Բաքուն հարաբերականորեն քիչ տարածք գրավեց, բայց այն թեժացրեց սառած հակամարտությունը և ակտիվացրեց դիվանագիտական միջնորդությունը:

 

Հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ևս մի բարդություն է ավելացնում: Ռուսաստանը, որ չնայած ռազմավարական առումով դաշնակից է Հայաստանի հետ, վերջին ամիսներին Ադրբեջանի հետ ավելի սերտ կապեր է փորձել հաստատել և չի միջամտել ապրիլյան բռնկմանը՝ Հայաստանի կողմից: Իրականում Մոսկվան այս հակամարտությունում ոչ մեկի կողմը չի բռնել՝ փոխարենն իրեն նվիրելով կարգավորմանն ուղղված բանակցություններին: Ռուսաստանի ակնհայտ նպատակը ղարաբաղյան հակամարտությունը կառավարելի ճգնաժամի վերածելն է, որտեղ Մոսկվան կարող է նախագահել որպես հաշտարար դատավոր: Այս ռազմավարությունը երկակի գործառույթ ունի՝ միաժամանակ զսպելով այլ արտաքին ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի և Արևմուտքի ազդեցությունը, և վերահաստատելով Մոսկվայի կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի համար:
Մինչ այժմ ակտիվացած միջնորդական ջանքերն աշխատում են:

 

Հրադադարի խախտումները նվազել են, ռազմական գործողությունները՝ դադարել: Բայց հարաբերական խաղաղությունը երաշխավորված չէ, որ կշարունակվի: Չնայած բանակցությունները որոշակի ժամանակ են տվել, Ադրբեջանը կարող է անհամբեր դառնալ, եթե զգա, որ բանակցությունները ձգձգվում են ապարդյուն: