ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը որակել է «անբարեխիղճ»: Բրիֆինգի ընթացքում լրագրողները Զախարովային խնդրել են պարզաբանել իրավիճակը, երբ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ադրբեջանցի պաշտոնյան հնչեցրել է հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված հայտարարությունից տարբերվող մեկնաբանություն: Խոսելով Մամեդովի հայտարարության մասին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Դա Ադրբեջանի կողմից ձեռքբերված համաձայնությունը սեփական տեսանկյունից մեկնաբանելու փորձ է: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներն ընդունել են եռակողմ հայտարարություն: Նրանք վերահաստատել են, և այդ համաձայնագրում հստակ նշված է, Վիեննայում հայ-ադրբեջանական վերջին գագաթնաժողովում ձեռքբերված պայմանավորվածությունները»: Այդ մասին տեղեկացնում է REGNUM-ը:

 

Ընթերցելով Սանկտ Պետերբուրգում ընդունված փաստաթուղթը՝ Զախարովան նշել է, որ այն հրապարակային է, հասանելի է համացանցում և ավելացրել. «Ես կխնդրեի, կարծում եմ, դա նաև կոլեկտիվ խնդրանք է, առաջնորդվել միայն հայտարարության բնօրինակով, այլ ոչ թե հանդիպման արդյունքները մեկնաբանելու փորձ հանդիսացող բավականին անբարեխիղճ հայտարարություններով: Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է և հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ: Հենց դա էլ պետք է հիմք ընդունել, այլ ոչ թե որևէ մեկի կամայական ընթերցանությունը կամ այլասերված մեկնաբանությունը»: