Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանի մասին մեր հրապարակումների հիման վրա նշանակված ծառայողական քննության ավարտից հետո Պետեկամուտների կոմիտենԼՈՒՐԵՐ.com-ին պաշտոնապես ուղարկել է պարզաբանում՝ ծառայողական քննության արդյուքների և որոշման վերաբերյալ։ Պաշտոնական որոշմանը ծանոթանալուց հետո առաջին ռեակցիան, որն առաջացավ, ծիծաղն էր։ ՊԵԿ-ի պաշտոնական պարզաբանումը և ծառայողական քննության արդյունքները, մեղմ ասած, զավեշտալի են։
Ընդամենը մեկ նախադասությամբ ներկայացնենք, թե ինչն է զավեշտալի։ Հարկային տեսուչ Վաչե Թանգյանին ամրակցված տարածքում անօրինական փուռ է աշխատել, որը պատկանել և պատկանում է հենց Վաչեի կնոջը։ Ստուգողները հայտնաբերում են և տուգանում ապօրինի գործունեությամբ զբաղվող փռի սեփականատերերին, այս դեպքում՝ Վաչե Թանգյանի կնոջը։
Հիմա ՊԵԿ-ը պարզաբանում է՝ Վաչե Թանգյանը պատշաճ հսկողություն չի սահմանել իրեն ամրակցված տարածքում գործող հարկ վճարողների նկատմամբ և թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ։ Այսինքն՝ Թանգյանը բավարար հսկողություն չի սահմանել իր իսկ կնոջ՝ Նելլի Բաղդասարյանի նկատմամբ։ Համաձայնեք, զավեշտալի է։ Եթե փուռը պատկաներ հարկային տեսուչի հետ ոևէ կապ չունեցող անձի, ապա այս պարզաբանումը և որոշումն ինչ-որ տեղ ընդունելի կլիներ, բայց ոչ այս պարագայում։ Ստացվում է՝ Վաչե Թանգյանի կինն ամիսներ շարունակ ապօրինի փուռ է աշխատեցրել, որի մասին ամուսինը տեղյակ չի եղել։ Անգամ միտքը ծիծաղ է առաջացնում։ Զարմանալի է՝ ինչպե՞ս ՊԵԿ ղեկավարությունը որոշեց իր իսկ հեղինակությունը հավասարեցնել զրոյի ու դառնալ զավեշտի առարկա։ Ուրեմն ՊԵԿ-ում աշխատում են գործից անտեղյակ, օրենքներից անգրագետ մարդիկ, ովքեր չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել։ Այնուամենայնիվ, ներկայացնում ենք ՊԵԿ-ի պարզաբանումը.
«Տեղեկացնում ենք, որ «Lurer.com» կայքում հրապարակված «Հարկային տեսուչի օրինազանցությունները՝ որպես անպատժելիության հետևանք» հոդվածի կապակցությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գորիսի տարածքային հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի հարկային տեսուչ Վաչե Թանգյանը թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ, մասնավորապես` պատշաճ հսկողություն չի սահմանել իրեն ամրակցված տարածքում գործող հարկ վճարողների նկատմամբ, որի արդյունքում նա խախտել է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ կետերի պահանջները: Վերոգրյալի արդյունքում, Վաչե Թանգյանը «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, իր արարքի համար ենթարկվել է այդ հոդվածով նախատեսված առավելագույն կարգապահական պատասխանատվության՝ գրավոր նկատողության:
Միաժամանակ՝ «ԼՈՒՐԵՐ.com» էլեկտրոնային կայքում 16.06.2016թ. հրապարակված «ՊԵԿ ղեկավարությունը նախընտրեց պահել օրինազանց հարկային տեսուչին, քան իր վարկանիշը»հոդվածում նշված այն մտքի կապակցությամբ, որ Վաչե Թանգյանի գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն համարվում է հանցանք, հարկ ենք համարում նշել, որ «Հարկային տեսուչի օրինազանցությունները՝ որպես անպատժելիության հետևանք» հոդվածով հրապարակված հաղորդման հիման վրա, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր, և 23.05.2016թ. որոշում է կայացվել Վաչե Թանգյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ և 310-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին»։
Քրիստինա Աղալարյան