ԼՈւՐԵՐ.com-ն արդեն մի քանի օր է` տարբեր պետական հիմնարկներում աշխատող քաղծառայողներից տեղեկանում է, որ վարչապետի հայտարարած՝ կառավարության ծախսերի կրճատման քաղաքականության արդյունքում կրճատումներ են սկսվել, և մարդիկ ստիպված են կորցնել իրենց աշխատանքը:

 

Քաղաքացիները հատկապես մատնանշում են մինչև 10%-ի շեմը, ասում են, թե այս որոշումը կայացվել է ծառայողական մեքենաների կրճատումներից ոգևորված, սակայն պետք է նկատել, որ այս  քաղաքականության արդյունքում աշխատանքից բարձրաստիճան ընդամենը 3 պաշտոնյա է ազատվել` գյուղնախարարի տեղակալները: Կրճատվեց նաև էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի պաշտոնը, բայց մեկ այլ և ավելի լավ պաշտոնի անցավ`նշանակվեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը այս կրճատումների մասին զրուցեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ, ով միանգամայն հերքեց տարածված տեղեկատվությունը.

 

«Չկա, նման տեղեկություն չկա, և նման հարց օրակարգում չկա: Առաջին անգամ եմ լսում, և որևէ մեկը 10 կամ 1 տոկոսի մասին չի խոսել»:

 

Մանվել Բադալյանը կրճատումների մասին տեղեկությունը որակեց մտացածին, մոռանալով, որ լրագրողները լուսնից չեն իջել. «այս պահի դրությամբ հաստատ չկա նման պրոցես, կարողա մարդիկ նման մտավախություն ունեն, բայց որևէ առարկայական հիմք դրա համար՝ չկա: Եթե կրճատումների հարց լինի՝ առաջին հերթին և տրամաբանորեն դրանք թափուր հաստիքներին կվերաբերեն, բայց այս պահին, կրկնում եմ, որևէ թիվ, թվաքանակ, տոկոս որևէ տեղ չի քննարկվել»,-ասաց Բադալյանը:

 

Խնդիրն այն է, որ կրճատումները օրենքի սահմանած կարգով, այսինքն' վարչապետի համապատասխան որոշմամբ չի կատարվում, և փորձում են կրճատումներն այնպես կազմակերպել, որ աղմուկ դուրս չգա ու հանգիստ իրենց «սև գործն» անեն՝ ներքին կարգով, քանի որ, առանց այն էլ, իշխանությունների նկատմամաբ վատ վերաբերմունք կա, և այս մթնոլորտում համապարփակ կրճատումները կարող են բողոքի ալիք հասունացնել: Վարչապետի հայտնի բոցաշունչ ելույթը դժվար թե արդարացվեր աղբակույտեր հիշեցնող ծառայողական մեքենաների կրճատմամբ, ինչին, փաստորեն, հաջորդեց ցածր պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխատանքից ազատելը:

 

Իհարկե, պետական համակարգը բավականին ուռճացված է, շատ աշխատակիցներ աշխատանքային ժամերին մի քանի պլանով են աշխատում.

պլան Ա՝ սուրճ

պլան Բ՝ ընդմիջում

պլան Գ՝ երկրորդ սուրճ

պլան Դ՝ աշխատանքային ժամի ավարտ

Պետք է ընդունել, որ մեծ մասն այդ աշխատանքով են ապրում, և կրճատումներից հետո ընդամենը կավելանա գործազրկության մակարդակը, և կառավարությունը ոչ թե հեշտ միջոց պետք է գտնի' աշխատանքից ազատել և աշխատավարձերը խնայելով, լցնել պետական բյուջեն, այլ' մարդկանց աշխատանքի ընտրություն ապահովել: