Մեր իրականության մեջ կան պաշտոնյաներ, սեփական կարիերայի պիկին հասած դեմքեր, որոնց կողմից ծավալած աշխատանքային գործունեությունը փաստում է ընդամենը մեկ բան' Հայաստանում պետական պաշտոնը ծառայեցվում է բացառապես մեկ նպատակի' փող աշխատելուն: Որպես կանոն, հենց հարստանալու մոլուցքն է մարդկանց դրդում անցավ գլուխները ցավի տակ դնել ու համակերպվել այն մտքի հետ, որ առավոտից երեկո թուքումուր են ուտելու լրատվամիջոցներից ու ընդդիմադիր հայացքներով ներշնչված հանրությունից:

 

Պարզվում է, սակայն, որոշ պաշտոնյաների դեպքում, ինչպիսին, օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցույթան ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է, ամեն բան այդքան էլ պրիմիտիվ չէ, իսկ նրա' սեփական աթոռից կառչածությունն ունի ոչ միայն հնարավորինս արագ տեմպերով պարարտանալու ու ձեռքի հետ էլ պարարտացնելու հարազատությանն, այլև սեփական եսը շոյելու նպատակ:


Բանից պարզվում է' այս նեղ-մաջալին, երբ պետության համար ամեն մի գրոշն ունի մաքուր ոսկու արժեք, 2015-ի ՀՀ պետական բյուջեից մոտ 4.5 մլն դրամ է հատկացվել Վանաձորում գտնվող ու Վահրամ Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Բաղդասարյան եղբայրներ» բռնցքամարտի մարզադպրոցին: Ասում են' այս դպրոցի անվանակոչութունը չափազանց հետաքրքրական նախապատմություն ունի. ժամանակին առաջարկ է եղել պետական միջոցներով վերանորոգված ու կարգի բերված մարզադպրոցը անվանել տեղացի հայտնի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի անունով, ինչին, սակայն, դեմ է հանդես եկել Վահրամ Բաղդասարյանն ու իրենով արել հաստատությունն ու, բացառապես սնափառությունից ելնելով, այն անվանակոչել ներկայիս անունով'«Բաղդասարյան եղբայրներ»:


Թե ներկայիս անվանումը որքանով է համապատասխանում կառույցի բովանդակությանը, թողնում ենք ձեր դատին' փաստելով, սակայն, որ այս ամենը ապացուցում է մեկ բան' Բաղդասարյանը ոչ միայն անհատակ հարստության ծարավ է, այլև' աշխարհիկ փառքի, ինչը ռեալիզացնում է արժանի հայորդիների հաշվին' դիցուք Սամսոն Խաչատրյանի:

 

Բացի սա, ևս մեկ խնդրի մասին. եթե սույն մարզադպրոցը սեփականաշնորհված է ու պատկանում է մասնավոր դեմքի, ինչո՞ւ պետք է դրա ֆինանսավորմամբ զբաղվի պետությունը, ինչո՞ւ պետք է սեփականատերն իրեն պարտավորված չհամարի' իրեն պատկանող կառույցի ծախսերը հոգալու: Թե՞ միայն անվանն են տեր, իսկ ահա երբ գալիս է սեփական ունեցվածքից մի քանի գրոշ հատկացնելուն (Բաղդասարյանի համար մի քանի միլիոնը ոչինչ է) անմիջապես մտաբերում են հարկատուներիս հաշվին գոյացող բյուջեն. հարց, որին պետք է պատասխանի Բաղդասարյանը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ