Նույնիսկ գիտության ու տեխնիկայի զարգացածության առումով բարձունքների հասած 21-րդ դարում քիչ չեն այն մարդիկ, ովքեր զբաղվում են աստղաբանությամբ, առավել շատ են' աստղաբանների կանխատեսումներին, զանազան հորոսկոպներին հավատացողները:

 

Ըստ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Անահիտ Եղիազարյանի, աստղաբանությունը հիմնվում է աշխարհի համակարգվածության սկզբունքի վրա, ընդունելով, որ տիեզերքը հանդիսանում է տրամաբանորեն կազմակերպված համակարգ:
«Դեռևս 4 հազարամյակ առաջ քաղդեական գիտնականները դիտարկում էին երկնային մարմինների փոխադարձ դիրքի ու փոխդասավորվածության ազդեցության հնարավորությունը պատմական իրադարձությունների ու մարդկային ճակատագրերի վրա,- ասաց Անահիտ Եղիազարյանը:- Շատերն են հնում բնական աղետներն ու համաճարակները կապել գիսավորների հետ: Հետագայում աստղաբանությունը դարձել է եգիպտացիների կրոնի բաղկացուցիչ մասը: Ավելի ուշ հին Հունաստանում շատ աստղագետներ ու մաթեմատիկոսներ են զբաղվել աստղաբանությամբ, իսկ Հռոմեական կայսրության ժամանակ այն իր ծաղկմանն ու զարգացմանն է հասել Տիբերիոս կայսեր օրոք:

 

Միջնադարում աստղաբանությունը բանադրանքի է ենթարկվել եկեղեցու կողմից, իսկ հետագայում այն համարվել է հմայություն, սնապաշտություն, կախարդանք»:

 

Եթե Գալիլեյը, Կեպլերն ու Կոպերնիկոսը աստղաբանությունը, գիտնականի տեղեկացմամբ, դիտարկում էին աստղագիտության հետ սերտորեն կապակցված, ապա հետագայում աստղաբանությունը վերածվել է վերլուծական հոգեբանության մի որոշակի բնագավառի:
Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողի հետ հարցազրույցը կներկայացնենք առաջիկա հրապարակումներից մեկով: